Դիվանագիտական կորպուսից բազմաթիվ մարդիկ պետք է հետ գան. վերլուծաբան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դեսպաններ հետ կանչելու մասին։ Հրամանագրերից մեկով հետ է կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը։ Նրա փոխարեն այդ երկիր է գործուղվել Սարմեն Բաղդասարյանը։
Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահը Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչել Գեղամ Ղարիբջանյանին:
Արդյոք կարելի՞ է պնդել, որ համատարած բոլոր դեսպաններն են թերացել իրենց աշխատանքում կամ ի՞նչ պետք է անեն նոր դեսպաններն առավել արդյունավետ աշխատանք իրականացնելու համար, Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ։
Նրա խոսքով, որքանով արդյունավետ կամ անարդյունավետ աշխատել են պետության մյուս օղակները, այդքանով իրավիճակն արտացոլվել է արտաքին գերատեսչության ոլորտում։
«Ինչ չափով ոչ պրոֆեսիոնալիզմ, կոռուպցիա տեսել ենք տարբեր օղակներում, վստահ եղեք, դրանք հայելային արտապատկերում են ունեցել նաև դիվանագիտական կորպուսում։ ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները բավականին սրված են, և մեր շահերն ու տեսակետներն աշխարհին հասցնելու համար պրոֆեսիոնալ թիմ է պետք։ Երկրում նոր իշխանության ձևավորման համատեքստում դեսպաններ հետ կանչելու պրակտիկան միանգամայն ընդունված պրակտիկա է»,- ասաց վերլուծաբանը՝ ընդգծելով, որ կասկածից վեր է՝ դիվանագիտական կորպուսից բազմաթիվ մարդիկ պետք է հետ գան։
Ստյոպա Սաֆարյանը միաժամանակ ընդգծեց՝ մինչև վերջնականապես հստակ չլինի՝ հատկապես որ դեսպաններին են հետ կանչվում, ինչ դրդապատճառներով են հետ կանչում, ովքեր են նրանց փոխարեն նշանակվելու և այլն, հանրավոր չի լինի դատողություններ անել՝ որքան արդյունավետ կարող են աշխատել նորերը։
Նրա խոսքով, մինչև ճշգրտումների և պարզաբանումների հստակ պատկեր չլինի, բարդ կլինի հասկանլ՝ ինչ խնդիրներ են դրված արտաքին գերատեսչության աշխատակիցների առջև։