Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը 20%-ով նվազել է
2018 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 194.4 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա յոթ ամիսներին հանրապետությունում 3.8%-ով նվազել է նաև մոլիբդենի խտանյութի արտադրությունը և կազմել 6, 327 տոննա, ֆեռոմոլիբդենի արտադրությունն էլ նվազել է 2.5%-ով (3, 857 տոննա), կոնվերտորային պղնձի արտադրությունը՝ 4.1%-ով (6, 730 տոննա), ալյումինե գլանվածքի արտադրությունը՝ 66.3%-ով (151 տոննա):
Ինչ վերաբերում է ցինկի արտադրությանը, ապա 2018 թվականի հունվար-հուլիսին 26.9%-ով աճել է արտադրությունն ու կազմել 6, 923 տոննա:
Ըստ վիճակագրության՝ այս տարվա յոթ ամիսներին 3.2%-ով աճել է նաև պողպատյա խողովակների արտադրությունը՝ կազմելով 5, 822 տոննա: 1.4%-ով էլ աճել են ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալները և կազմել 18,787 տոննա: