Մենք խնդիր ունենք այն ղեկավարների հետ, որոնք չեն կարողանում գնահատել արժեքները, որոնք մենք ձեզ հետ կիսում ենք. Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գևորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը և Շիրակ Թորոսյանը, պաշտոնական այցով Շվեյցարիայում է:
ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանն այսօր Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ:
Դոմինիկ դը Բյումանը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները՝ նշելով, որ դրանք լավագույն խթան կարող են հանդիսանալ երկրի հետագա զարգացման ու բարգավաճման համար:
«Ինձ համար հասկանալի է այդ ամենը, քանի որ Հայաստանը մշակույթի և լավագույն ավանդույթների երկիր է»,-ասել է Դոմինիկ դը Բյումանը:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների առավել ամրապնդմանը:
«Երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, տարբեր իրավիճակներում Շվեյցարիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին»,- ասել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը՝ որպես ապացույց ընդգծելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը:
«Մեր հանդիպումների ժամանակ բազմիցս նշել եմ, որ մենք խնդիրներ չունենք ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի ժողովրդի հետ, մենք խնդիր ունենք այն ղեկավարների հետ, որոնք չեն կարողանում հասկանալ կամ գնահատել այն արժեքները, որոնք մենք ձեզ հետ կիսում ենք: Պետք է ձգտենք անել ամեն ինչ՝ պաշտպանելու զարգացող ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները թե Հայաստանում և թե՛ Արցախում»,-ընդգծել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:
Արա Բաբլոյանը, անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին, ընդգծել է, որ Հայաստանը ևս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ, հանդուժողականությամբ և ժողովրդավարության ձեռքբերումներով: Նա վստահություն է հայտնել, որ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից հայ-շվեյցարական հարաբերությունները շարունակելու են զարգանալ նույն ոգով
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ Ոսկե գրքում: Այնուհետև ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը շրջել է խորհրդարանում, մասնակցել Ազգային խորհրդի նիստին, որի ժամանակ շվեյցարացի օրենսդիրները ողջունել են հայ խորհրդարանականներին: