Արա Բաբլոյանը խոսել է Հայաստան-Շվեյցարիա ուղիղ չվերթ ունենալու կարևորության մասին
Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է՝ առևտրատնտեսական կապեր, աջակցության ծրագրերի շրջանակում իրականացվող արդյունավետ համագործակցություն, մասնագիտական հմտությունների ամրապնդման և կրթական ծրագրեր, տասնյակից ավելի իրավական փաստաթղթեր ընդգրկող իրավապայմանագրային դաշտ: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր Բեռնում Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերի հետ հանդիպմանը։
ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ խոսելով տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների մասին՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ եվրոպական և եվրասիական շուկաների միջև և գրավիչ լինել եվրասիական ընդարձակ շուկա առանց մաքսատուրքի մուտք ունենալու հնարավորությամբ հետաքրքրված շվեյցարացի ներդրողների համար:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահի տեղակալ Ուլի Մաուրերը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմքերի վրա է դրված:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի գործունեությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի:
Արա Բաբլոյանը մասնավորապես խոսել է Հայաստան-Շվեյցարիա ուղիղ չվերթ ունենալու կարևորության մասին: