Արա Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը
Թբիլիսիում սեպտեմբերի 24-25-ին տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպումը, որին ներկա է եղել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Հանդիպմանը մասնակցել են Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Բելառուսի խորհրդարանների, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներ:
ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչության փոխանցամամբ՝ քննարկվել են անդամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջև համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված նախաձեռնություններին, տարածաշրջանային և միջազգային հարթակներում խորհրդարանական համագործակցության առաջմղմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ողջույնի խուսքում նշել է, որ հանդիպումը լավագույն հնարավորություն է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների համար՝ մտքերի փոխանակման, կապերի ամրապնդման և փորձի փոխանակման տեսանկյունից:
Նրա համոզմամբ՝ այն իր նպաստը կբերի ժողովրդավարական գործընթացների զարգացմանը: Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է նաև «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները, տեղեկացրել, որ կա արդյունավետ համագործակցություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) ու Գերմանիայի Բունդեսթագի հետ: Վրաստանի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝ այդ ուղղությամբ բարեկամ երկրների խորհրդարանների հետ արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:
Ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի երկարատև համագործակցության հնարավորություններին, մեր երկրի խորհրդարանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:
Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն վստահություն է հայտնել, որ աշխատանքային նման ձևաչափը կնպաստի անդամ պետությունների խորհրդարանների համագործակցության խթանմանը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի գլխավոր քարտուղարի տեղակալ Ուլրիխ Շյոլերը նշել է, որ իրենք աջակցում են տարածաշրջանի երկրներում մի շարք ծրագրերի իրականացմանը: Նա կարևորել է քաղաքական երկխոսությունն անդամ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների միջև՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպումն իր հերթին կհանգեցնի տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը:
Վրաստանում Գերմանիայի դեսպանության Հարավային Կովկասի համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Դանիել Հաասն անդրադարձել է հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման գործընթացներին՝ այս հարցում Արևելյան գործընկերության մի շարք երկրների շարքում վկայակոչելով նաև Հայաստանի օրինակը:
Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը հաստատում է կողմերի՝ համագործակցելու ու փորձի փոխանակման ցանց ստեղծելու պատրաստակամությունը: Որոշվել են նաև հաջորդ հանդիպման ձևաչափը, տեղը, քննարկվող թեմաները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան