Արմավիր-Երևան երթուղու վարորդները կառավարության դիմաց բողոքի ակցիան են իրականացնում
Արմավիր-Երևան երթուղու վարորդներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Վարորդները կառավարության շենքի դիմաց կանգնեցրել են ինչպես երթուղին սպասարկող գազելները, այնպես էլ երթուղին սպասարկող ՍՊԸ-ի կողմից գնված նոր Mercedes մակնիշի միկրոավտոբուսները։
Վարորդներից մեկն ասաց, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հնարավորություն չի տալիս վարորդներին աշխատելու: «Մրցույթը հաղթել ենք, դեղին համարներ պետք է տան մեզ, որ աշխատենք, բայց չեն տալիս, իսկ պատճառաբանություններն էլ անհիմն են»:
Վարորդի խոսքով՝ երթուղին սպասարկող ընկերությունը գնել է 20 նոր մեքենա, որոնք պետք է երթուղի դուրս գային, բայց նախարարությունը թույլ չի տալիս: «Նախարարությունը փոխանակ օգնի օր առաջ մեքենաները գիծ դուրս գան, մարդիկ նորմալ տրանսպորտով երթևեկեն, անգործ նստած է: Ընդամենը պետք է դեղին համար տան»,- ասաց վարորդը՝ հավելելով, որ մեկ ամիս է ակնկալում են, որ հարցը կլուծվի, բայց ոչ մի հարց էլ չի լուծվում: