Իրանի նախագահի հայտարարությունից հետո Թրամփի հետ նրա հանդիպման հնարավորությունը նվազել է. Սուրեն Սարգսյան
Այն բանից հետո, երբ սեպտեմբերի 22-ին Իրանի հարավային Ահվազ քաղաքում զինվորական շքերթի ժամանակ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեցին «Իսլամական պետություն» և Ալ-Ահվազիա ծայրահեղական խմբավորումները, անմիջապես հետևեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այն հայտարարությունը, որ անգամ ԱՄՆ ճնշումների ներքո Թեհրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից։
Ռոհանին նաև շեշտեց, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի Իրանի հետ հակազդեցությունը, ապա Սադամ Հուսեյնի նման պարտություն կկրի։ Փաստացի, Իրանի ղեկավարը բաց տեքստով ակնարկեց, որ ԻՊ-ը գործում է արտաքին ուժերի՝ մասնավորապես ԱՄՆ-ի ուղիղ հրահանգով։
Թե ինչպիսի՞ն կարող է լինել ամերիկյան կողմի արձագանքը Ռոհանիի հայտարարությանը և ինչի՞ կարող է հանգեցնել կողմերի հակազդեցությունը, Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
Մեր զրուցակիցը նախ նշեց, որ Միացյալ նահանգներն Իրանի նախագահի հայտարարության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի հայտնել։
«Համենայն դեպս նման դիրքորոշման մասին առայժմ հայտնի չէ։ Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել այդ երկրի հետ երկխոսություն սկսելը։ Նա նաև չէր բացառել, որ կարող է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթաժողովի ընթացքում, որն այս օրերին ընթանում է Նյու Յորքում։
Հատկանշական է, որ գագաթաժողովին մասնակցում են և Միացյալ նահանգների, և Իրանի ղեկավարները։ Ավելին, նրանք գտնվում են նույն շենքում՝ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում։ Կհանդիպեն, թե չեն հանդիպի, դժվար է ասել, բայց Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ Հասան Ռոհանին ուղղակիորեն մեղադրեց Միացյալ նահանգներին, կարծում եմ՝ այդ հանդիպման հնարավորությունը շատ ավելի փոքր է, քան մինչ իրանական կողմի այդ հայտարարությունը»,- ամփոփեց Սուրեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում ձերբակալել են շքերթի ժամանակ ահաբեկչության մեջ կասկածվող անձանց
- Չի բացառվում, որ հակաիրանական ծրագրված գործողությունը ղեկավարվում է ԱՄՆ-ից. Վարդան Ոսկանյան
- Իրանի նախագահը Թրամփի համար Հուսեյնի ճակատագիրն է կանխատեսել
- ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը
- Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
- Իրանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- Ահաբեկչություն՝ Իրանում