Մարզերի միջև անհավասարությունը Հայաստանում համեմատաբար բարձր է. ՀԲ
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների աշխատանքի, հարկման և սոցիալական ապահովության քաղաքականությունը պետք է տեղափոխել 21-րդ դար՝ խմբերի միջև անհավասարության աճը հաղթահարելու և անորոշության ավելացմանը դիմակայելու հարցում աշխատողներին օգնելու համար: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի նոր ուսումնասիրության մեջ:
ՀԲ հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ «Դեպի հասարակական նոր պայմանագիր» (Toward a New Social Contract) զեկույցում կոչ է արվում հիմնովին վերաիմաստավորել քաղաքականությունները` տնտեսական նոր հնարավորություններից օգտվողների և ավելի ու ավելի ճկուն տնտեսության մեջ անտեսվածների միջև մեծացող խզումը փոքրացնելու համար:
«Չնայած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների ունեցած՝ սոցիալական ապահովության հաստատությունների և ծրագրերի հսկայական փորձին՝ դրանք նախատեսված էին այլ տնտեսական միջավայրի համար և քաղաքացիների համար այլևս չեն ապահովում նույն օգուտները, ինչպես նախկինում»,- ասում է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլերը. «Երկարաժամկետ վարձու աշխատանքը, հատկապես երիտասարդների դեպքում, այլևս հատկանշական չէ, և մեզ անհրաժեշտ է ապահովել աճի օգուտների և հնարավորությունների ավելի հավասար բաշխում»:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում մասնագիտությունների փոփոխությունները տարբերվում են Արևմտյան Եվրոպայում դիտված փոփոխություններից: Ոչ առօրեական, բարձր մտավոր հմտություններ պահանջող մասնագիտությունների կշիռը վարձու աշխատանքի ցուցանիշի նկատմամբ դիրքերը զիջում է՝ 1999 թ. 53 տոկոսից նվազելով մինչև 2015 թ. 48 տոկոսը: Միևնույն ժամանակ, աճել է ավտոմատացմանն առավել միտված՝ առօրեական խնդիրներ լուծող մասնագիտությունների կշիռը վարձու աշխատանքի մեջ՝ 21 տոկոսից կազմելով մոտ 30 տոկոս:
Չնայած նվազելուն՝ Հայաստանում դեռևս շատ բարձր է ոչ ստանդարտ զբաղվածության՝ ժամանակավոր կամ կես դրույքով աշխատանքի ցուցանիշը, և այն բարձր է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջին ցուցանիշից: Հարավային Կովկասն այն տարածաշրջանների թվին է պատկանում, որտեղ ամենամեծ նախապատվությունը տրվում է երաշխավորված աշխատանքին. 2015թ. «Կյանքն անցումային փուլում» հետազոտությամբ հարցված անձանց գրեթե 80 տոկոսը նշել էր, որ նախընտրում է միջին աշխատավարձով, առաջխաղացման փոքր հավանականությամբ, սակայն երկարաժամկետ հեռանկարում ավելի երաշխավորված աշխատանքն ավելի բարձր աշխատավարձով, առաջխաղացման ավելի մեծ հավանականությամբ և զգալիորեն ավելի քիչ երաշխավորված աշխատանքից:
Նշվում է նաև, որ մարզերի միջև անհավասարությունը Հայաստանում համեմատաբար բարձր է: Երկիրը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տարածքների առավել անհավասարությամբ առաջին մեկ երրորդ երկրների թվում է: Տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով սպառման միջին ճեղքն ամենահարուստ և ամենաաղքատ մարզերի միջև կազմում է 1,322 ԱՄՆ դոլար (2011 թ. գնողունակության պարիտետով):
Մանրամասները՝ ՀԲ կայքում: