Խորհրդարանը ցրելու հարցում վարչապետը մեր աջակցությունն ունի. Էդմոն Մարուքյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախօրեին հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ՝ պարզելու արդյոք խորհրդարանական այդ ուժը պատրա՞ստ է նշված հարցի շուրջ քննարկումներին։
Մեր զրուցակիցը նշեց, որ հեղափոխության հենց հաջորդ օրը, երբ նույնիսկ երկրում վարչապետ չէր ընտրվել, իրենք ասել են, որ գործող խորհրդարանը չի ներկայացնում առկա իրողությունները, և այն պետք է լուծարվի։
«Հետևաբար, մենք միշտ Ազգային ժողովի լուծարման ջատագովն ենք եղել, և այս առումով վարչապետը մեր աջակցությունն ունի։ Այսինքն՝ մեզ համոզելու կարիք չկա։ Համոզելու համատեքստում խոսքը, կարծում եմ, գնում է այն ուժերի մասին, որոնք դեմ են խորհրդարանը ցրելուն։ Կոնկրետ ՀՀԿ-ի հետ պետք է բանակցեն, որ դեմ չլինի։ Մնացած մասով քննարկման ենթակա հարցեր կան, այսինքն՝ ինչ մեթոդներով է Ազգային ժողովը ցրվելու, ցրելուց հետո ինչ ժամկետների շուրջ ենք պայմանավորվելու և այլն»,- ամփոփեց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նաև նշել էր՝ կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենապաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնել ավելի վաղ՝առավել շուտ սկսելու տնտեսության վերականգնման ընթացքը:
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներին. Վահե Էնֆիաջյան
- Ստեղծված վիճակը ավտորիտար ճանապարհ գնալու տեսանկյունից խիստ վտանգավոր է. քաղաքագետ
- Փաշինյան. Առաջիկայում քննարկելու եմ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան