Առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր
Սեպտեմբերի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ուսումնասիրվել է ընդհանուր առմամբ մամուլի 90 հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով: Արձանագրվել է քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 161 դեպք: Դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել կամ ստուգվում են 203-ը: Այդ գործողությունների արդյունքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների փաստերը ճնշող մեծամասնության դեպքում արդեն իսկ հերքվել են:
Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության և քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով 53 ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Դրանցից 21-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 12-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց, այդ թվում՝ երկու դեպքում ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 7-ը՝ ընտրողներին կաշառք տալուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն և 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերին:
Աղբյուրը նշում է, որ նախապատրաստվող նյութերի ընթացքի մասին հընթացս պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ:
Հարակից հրապարակումներ`
- ԽԱՊԿ հայտարարությունը՝ ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
- Մինչ այս պահը որևէ գրավոր-դիմում, բողոք որևէ տարածքային ընտրական հանձնաժողովից ԿԸՀ-ում առկա չէ. Մուկուչյան
- Քննչական կոմիտե. Կրկնակի քվեարկության 16 փորձ է եղել
- Արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի 31 իրավախախտման դեպքերով նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն