Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները
Մինչև շաբաթվա վերջ Նյու Յորքում նախատեսված են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի երկկողմ ու բազմակողմ բազմաթիվ հանդիպումներ, ինչպես նաև ելույթներ նստաշրջանի ընթացքում կազմակերպվող տարբեր միջոցառումներում։ Մնացականյանը վարչապետ Փաշինյանի՝ Դուշանբե մեկնելուց հետո կշարունակի մնալ ՄԱԿ կենտրոնակայանում։ Լրագրողների հետ ընթացող ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ երեկ կայացել է ԱԳ նախարարի ու ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Նրանց նախաձեռնությամբ տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Ամփոփելով նախորդ երկու շաբաթների ընթացքում ԱԳ նախարարի հանդիպումները, այդ թվում արցախցի պաշտոնյաների հետ, նա ընդգծեց նախարարի՝ արցախյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում արած հայտարարությունը.
«Բոլորիս համար Լեռնային Ղարաբաղը միայն հակամարտություն չէ, Արցախը կոնկրետ 150 հազար մարդիկ են, Արցախի անվտանգության ու կարգավիճակի հարցը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն»։
Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորություն մասին հարցին, Բալայանն ասաց, այն չպետք է ինքնանպատակ լինի, պետք է ունենա բովանդակություն։
«Բովանդակություն լինելու պարագայում պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ։ Մենք ունենք տասնամյակների դառը փորձ, թե ինչպես էր Ալիևը հետ կանգնում դրանցից։ Այո, Փաշինյանը շեշտել է, ոչ առաջին անգամ, նաև ՄԱԿ-ի ամբիոնից, որ պետք է կատարվեն բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խոսքը վերաբերում է ապրիլյան ագրեսիայից հետո գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ խոսքը մասնավորապես վերաբերում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի կարողությունների ընդլայնմանը։ Մենք միշտ ասել ենք, որ 2016-ից մինչ օրս Ադրբեջանն արգելափակում է այդ պայմանավորվածությունների կատարումը»,-ասաց Բալայանը։
Սիրիա ուղարկվելիք առաքելություն
Ինչ վերաբերում է Սիրիա ուղարկվելիք առաքելությանը, Բալայանը մանրամասնեց, դա սոսկ հումանիտար է։
«Հայկական դրոշի տակ զուտ հումանիտար առաքելություն է լինելու, զինվորական, ռազմական առաքելություն չի լինելու։ Լինելու են սակրավորներ, բժիշկներ, որոնք Սիրիայի տաբեր հատվածներում՝ հիմնականում հայաշատ տարածքներում ականազերծման աշխատանքներ են իրականացնելու, բժշկական օգնություն են տրամադրելու։ Նաև ունենալու ենք որոշակի անձինք, որոնք ապահովելու են այդ առաքելությանը մասնակցող անձանց անվտանգությունը։ Որևիցե ռազմական գործողություններում ներգրավման մասին խոսք չկա, ցանկանում եմ կրկին շեշտել, որ դա հայկական դրոշի տակ իրականացվելիք առաքելություն է լինելու, միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան, Սիրիայի կառավարության հրավերի հիման վրա»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան