ՀՀ վարչապետ. Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում։
Փաշինյանը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին, ասաց, որ այն շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում:
«Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:
Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:
Ամփոփելով` թույլ տվեք վերահաստատել. հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում:
Եվ վերջում չափազանց կարևոր եմ համարում իմ երախտագիտությունը հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի և մոտեցումների հանդեպ իր անվերապահ աջակցության համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում ունեցած իր առաջին ելույթում:
Ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները Հայաստանում կդառնա անշրջելի իրականություն
Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, ժողովրդի հաղթանակի մասին՝ առանց բռնության ու զոհի, խորհրդարանում վարչապետ ընտրվելու մասին։
«Այսօր խորհրդարանը շարունակում է գործել, սակայն այն չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետը խոսեց Երևանի ավագանում ընտրությունների մասին, նշելով, որ սա առաջին ընտրություններն էին, որ բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունները շնորհավորեցին հաղթող թեկնածուին և ոչ մեկ կասկածի տակ չդրեց ընտրությունների արդյունքները։
«Սա խոսում է Հայաստանում նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այժմ պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների։
Նշվեց, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները Հայաստանում կդառնա անշրջելի իրականություն։ Քաղաքացիների իրավունքների ու ազատ խոսքի, հավաքների իրավունքի ապահովումը կառավարության առաջնային օրակարգում է։
«Հայաստանում ներկայիս իրավիճակը միայն կառավարության կամ կառավարող կուսակցության փոփոխություն չէ։ Այն նոր քաղաքական կառավարման համակարգի հաստատում է, որը մենք անվանում ենք ժողովրդի ուղիղ կառավարում։ Այս համակարգն ինստիտուցիոնալացնելու համար նպատակ ունենք ապահովել ժողովրդի կամքի արտահայտումը ոչ միայն ընտրությունների, այլ նաև հանրաքվեների միջոցով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը խոսեց կոռուպցիան արմատախիլ անելու, թափանցիկ, հաշվետու ու արդյունավետ կառավարության մասին՝ ապահովելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, տնտեսական զարգացումը։