Որևէ քաղաքական ուժ չունի ԱԺ արտահերթ ընտրության օրակարգին դիմադրելու ռեսուրս. վերլուծաբան
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները կարելի է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացման վստահության մանդատ համարել կառավարությանը։ «Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրությունները» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
«Իրականում այդ մանդատն առանց այդ էլ կար, մինչ այդ էլ կար, որովհետև ակնհայտ էր, որ Ազգային ժողովն իր ներկայացված կազմով բոլորովին չի համապատասխանում քաղաքական իրողություններին, այսինքն Հայաստանում ստեղծված է արտառոց իրավիճակ, պետք է այդ իրավիճակը հնարավորինս շուտ փոխել, պետք է Ազգային ժողովը համապատասխանեցնել հասարակական տրամադրություններին, քաղաքական իրողություններին»,- նշեց նա։
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով, ՀՀԿ-ն մինչև վերջ կդիմադրի ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցի քննարկման ժամանակ, որովհետև նոր Ազգային ժողովում, ամենայն հավանականությամբ, նրանք ընդհանրապես չեն լինի կամ մի կերպ կհաղթահարեն շեմը, այսինքն կորցնելու շատ բան ունեն։ Նա նշեց, որ նույնը նաև ՀՅԴ-ի դեպքում է. ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՅԴ-ն, ամենյան հավանականությամբ, հաջորդ խորհրդարանում չի լինի։
«ԲՀԿ-ի դեպքում փոքր ինչ այլ է։ Այն պահպանեց երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակը, ամենայն հավանականությամբ, հաջորդ խորհրդանարում կպահպանի երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակը, այնպես որ ԲՀԿ-ն գուցե բանակցությունների արդյունքում համաձայնվի խորհրդարանը ցրելուն։
«Լույս» դաշինքը, եթե դրան դեմ գնա, քաղաքական ինքնասպանություն կլինի։ Բնականաբար, «Լույս» դաշինքը կողմ կարտահայտվի»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի խոսքով, որևէ քաղաքական ուժ չունի արտահերթ խորհրդարանական ընտրության օրակարգին դիմադրելու ռեսուրս, խնդիրն այն կլինի, թե ինչ կհաջողվի պայմանավորվել իշխանության հետ՝ ցրելու, լուծարելու և ընտրություն անցկացնելու պայմանների առումով։
«Իհարկե, այդ շրջանակում կփորձեն հնարավորինս «դիմադրել», բայց կրկնեմ՝ վերջնարդյունքին դիմադրելու ռեսուրս որևէ մեկը չունի։ Իհարկե, բոլորի համար կա խորհրդարանում հայտնվելու խնդիր, բայց, ի վերջո, նաև հասկանում ենք, որ խորհրդարանում իշխող ուժից բացի նաև այլ ուժ պետք է հայտնվի։ Այստեղ ինչ-որ շահագրգռվածություն ունի նաև իշխանությունը, որովհետև չի կարող միայն Նիկոլ Փաշինյանի ուժը ներկայացված լինի խորհրդարանում։ Սրա հետ կապված, իհարկե, մյուս ուժերի հետ իշխանությունը կարող է գալ ինչ-որ կոմպրոմիսի՝ խաղի այնպիսի կանոններ մշակել, որ այս փուլում ավելի դյուրին լինի խորհրդարանում հայտնվելն այլ ուժերի համար։ Հնարավոր է նաև դա վերաբերի անցողիկ շեմն իջեցնելուն»,- նշեց նա։
Հ. Բադալյանի խոսքով, սա, ըստ էության, լինելու է միջանկյալ խորհրդարան, հեղափոխական իրավիճակում ձևավորված խորհրդարան։ Հիմնական քաղաքական պրոցեսները, կարծում է, պետք է տեղի ունենան դրանից հետո, որովհետև կան արդեն հարցեր, թե ընդհանրապես որն է լինելու Հայաստանում երկրորդ քաղաքական ուժը, արդյոք լինելու են երրորդ, չորրորդ ուժեր, ինչպես է բաշխվելու այդ ամեն ինչը։
«Հիմա մենք հեղափոխական օբյեկտիվ իրավիճակում ենք։ Իրավիճակի կայունացումից հետո մենք պետք է այլ պատկեր ունենանք և քաղաքական պրոցեսի առումով բուն խնդիրներն այստեղ են»,- հավելեց քաղաքական վերլուծաբանը։
Քաղաքագետ Էդգար Վարդանյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմը ունի շատ ավելի մեծ ձայներ հավաքելու հնարավորություն։ Նրա խոսքով, հավանականությունը մեծ է, որ Երևանի ավագանու ընտրություններում ստացած 81 տոկոսը կավելանա ևս մի քանի տոկոսով այն պարզ պատճառով, որ նախ խորհրդարանական ընտրություները շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում հանրության կողմից, նաև ամենակարևոր հանգամանքը՝ հավանաբար ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը, այստեղ ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի ընտրություններն են լինելու։
«Ակնհայտ է, որ շատ-շատերին սա ձեռնտու տարբերակ չէ, հատկապես այն քաղաքական ուժերին, որոնք այսօր խորհրդարանում են։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ խորհրդարան անցնելու շանսեր ունեն ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքը, բայց դա էլ, կարծում եմ, այսօր հաստատված քաղաքական իրավիճակի պարագայում է այդպես»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով, ԲՀԿ-ն ավագանու ընտրություններում 7 տոկոս ստացավ այն պարագայում, երբ չի հակադրվել հեղափոխությանը, ուղղակի փորձել է ասել, որ իրենք կողմնակից են հեղափոխության, բայց դիմացինները հեղափոխությունից նահանջ են իրականացնում։
«ԲՀԿ-ն հասկացել է, որ չի կարող հեղափոխությանը հակադրվելով որևէ շանս ունենալ, ստանալ ինչ-որ տոկոս։ Նրանց կողմից լինելու է լուրջ պայքար դիմադրության, սակարկությունների գնալու առումով»,- նշեց Է. Վարդանյանը։
Քաղաքագետի կարծիքով, եթե նույնիսկ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, ակնհայտ է, որ ջախջախիչ պարտության է մատնվելու։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը ցրելու հարցում վարչապետը մեր աջակցությունն ունի. Էդմոն Մարուքյան
- Պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումներին. Վահե Էնֆիաջյան
- Ստեղծված վիճակը ավտորիտար ճանապարհ գնալու տեսանկյունից խիստ վտանգավոր է. քաղաքագետ
- Ալեն Սիմոնյանն իր անձնական կարծիքն է հայտնել. ՔՊ մամուլի խոսնակ
- Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ում քաղաքական կուսակցություններ գոյություն չունեն. քաղաքագետ
- Փաշինյան. Առաջիկայում քննարկելու եմ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները