Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում. Բիզնես Արմենիա
«Ամեն նոր գործարար առաքելության ժամանակ թարմացնում ենք նախկին բիզնես կապերը, բանավոր պայմանավորվածություններն ավելի գործնական փուլ ենք տեղափոխում և նոր ներդրումներ ներգրավում դեպի մեր երկիր»,- այս մասնին նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, ով սեպտեմբերի 22-26-ին բիզնես առաքելությամբ Լիբանանում է եղել։
Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմից հայտնում են, որ այցի ընթացքում Հայաստանում նոր ներդրումների մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Բիզնես Արմենիայի թիմի հետ հանդիպմանը «Չեդիդ Կապիտալ» հոլդինգի ղեկավար Ֆարիդ Չեդիդը Հայաստանում ապահովագրական ընկերության մասնաճյուղ բացելու մտադրություն է հայտնել։ «Չեդիդ Կապիտալ» հոլդինգը մասնաճյուղեր ունի աշխարհի 5 երկրում։
Մեկ այլ հանդիպման արդյունքում «Մակիտեկ» ընկերության գործադիր տնօրեն Գարո Մաթոսյանը մտադրություն է հայտնել 250 000 դոլարի ներդրումներով Հայաստանում պլաստմասե իրերի պատրաստման կաղապարների և արդյունաբերական մեքենաների բաղադրիչների արտադրություն հիմնել։
«Մակ Ագրոքեմիկալս» ընկերությունը քննարկում է Հայաստանում ընկերության մասնաճյուղը բացելու հարցը, որը զբաղվում է պարարտանյութերի և թունաքիմիկատների արտադրությամբ։ Մի շարք գործարարներ առաջիկայում կայցելեն մեր երկիր՝ տեղում գործ հիմնելու ծրագրեր ուսումնասիրելու։
«Լիբանանում մեր պատվիրակությունը Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչ Հարություն Գունտագճեանի, Լիբանանում Հայաստանի դեսպանության և դեսպան Սամվել Մկրտչյանի աջակցությամբ կազմակերպել է այցելություններ մի շարք գործարաններ, հանդիպումներ է ունեցել գործարար համայնքների հետ, արդյունքում հայ-լիբանանյան նոր համագործակցությունների սկիզբ ենք դրել»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։