Ֆեյսբուքյան խաժամուժը «կամանդա ֆաս»-ից հետո հարձակվում է նախկին իշխանավորների վրա. Ալիկ Սարգսյան
«Նախկին իշխանությունների սխալները շատ-շատ են եղել, չարաշահումները ևս։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ ատելությունը դուրս է տալիս ֆեյսբուքի խաժամուժի վայրահաչոցների ձևով»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին այսպես ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով նշեց նաև, որ զայրացած է սոցցանցերում իր հասցեին հնչող մեկնաբանություններից:
«Թաց ու չորը խառնվել է իրար, ու հարձակումը կատարվում է բոլորի վրա, անկախ ամեն ինչից։ Մի հատ բառ են լսում՝ ՀՀԿ և միանգամից հարձակվում, կապ չունի՝ դա ով է, իրենից ինչ է ներկայացնում, ոնց է ապրել. դա որևէ նշանակություն չունի։ Հարձակվում են միանգամից՝ «կամանդա ֆաս», ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է «Ֆեյսբուքով», ոչ մի դատողություն այս պահին չի կարող նորմալ արձագանք ստանալ»,-նշեց պատգամավորը։
Դիտարկմանը, թե շատերի պնդմամբ՝ ՀՀԿ-ն ևս ֆեյքեր ունի, Սարգսյանն ասաց. «Ես թքել եմ էն ֆեյքերի վրա, որոնք «Հանրապետականի» անունից քննադատում են ինչ-որ մեկին, թքել եմ նաև բոլոր ֆեյքերի վրա։ Ես դուրս եմ այս ամենից, կներեք, մի քիչ էլ վեր եմ կանգնած այս ամենից»,-նշեց Ալիկ Սարգսյանը:
Նա նաև շեշտեց, որ իրեն չեն կարող ճնշել, պարզապես երևույթը, մեղմ ասած, տգեղ է: Պատգամավորն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե ինքը վերականգնում է կապերը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հանդիպում է ունեցել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այս ամենն ապատեղեկատվություն է։
Պատգամավորը միաժամանակ նկատեց, որ որքան էլ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն լինեն, պետք է այնպես անել, որ գործընթացն անցնցում անցնի, շտապել պետք չէ: «Ինձ համար միևնույն է, ինձ ԱԺ-ի այս շենքը բացի չարչարանքից բան չի տալիս»,- ասաց Ալիկ Սարգսյանը։
Նա միաժամանակ չբացառեց, որ կարող է առհասարակ հեռանալ քաղաքականությունից, համենայնդեպս, ձգտում է դրան։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան