Եվրոպայի խորհրդում ՀՀ դեսպան. ԵԽԽՎ համազեկուցողների այցի «արտահերթության» մասին խոսք գնալ չի կարող
Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հետ։
-Պարոն Հովհաննիսյան, օրերս Հայաստանում էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ինչպես կգնահատեք այցը, որն առաջինն էր՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո։
- Այս այցն ուներ կարևոր նշանակություն։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2014թ.-ին և կար կարիք՝ հավաքագրելու թարմ տեղեկատվություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Մասնավորապես, այս այցի շրջանակներում հանձնակատարի ուշադրության կենտրոնում էին կանանց իրավունքների, սեռերի հավասարության, ընտանեկան բռնության և խոցելի խմբերի իրավունքների հարցերը։ Միաժամանակ, պաշտոնում ընտրվելուց հետո սա տիկին Միյատովիչի առաջին այցն էր Հայաստան և կրում էր նաև ճանաչողական բնույթ։
Հարկ է նշել, որ հանձնակատար Միյատովիչը համակ ուշադրությամբ էր հետևում ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ընթացող զարգացումներին, մշտական կապի մեջ էր ինչպես մեր՝ մշտական ներկայացուցչության, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Ու շատ հատկանշական է, որ հանձնակատարի այցի արդյունքներում հրապարակված հաղորդագրության առաջին իսկ նախադասությունը խոսում է այն մասին, որ Հայաստանում մայիսին իշխանության խաղաղ փոխանցումն «իրապես բացառիկ էր (truly remarkable)»։ Հանձնակատարն առանձնացրեց ինչպես մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ ողջունելով մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված քայլերը, այնպես էլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդիրները։ Հանձնակատարի զեկույցը կհրապարակվի տարեվերջին:
- Պարոն դեսպան, առաջիկայում սպասվում է ԵԽԽՎ համազեկուցողների այցը, որը, ըստ տեղեկությունների, լինելու է արտահերթ։ Ի՞նչ կասեք այս այցի վերաբերյալ։
- Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մեխանիզմների ներքո։ Մոնիտորինգը կոչված է ուսումնասիրելու անդամ պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և կրում է պարբերական բնույթ։ Որևէ «արտահերթության» մասին խոսք լինել չի կարող։ ԵԽԽՎ համազեկուցողները տարին մեկ-երկու անգամ այցելում են Հայաստան, հանդիպումներ ունենում բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության հետ, իրենց հետևությունները հրապարակում ԵԽԽՎ կայքում։ Վերջին անգամ նման այց կայացել է մայիս ամսին, իսկ դրա ամփոփման մեջ համազեկուցողները «շնորհավորել են հայ ժողովրդին և բոլոր քաղաքական դերակատարներին իշխանության փոխանցման ընթացքում քաղաքական հասունության և ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության համար»։
Ինչ վերաբերում է համազեկուցողների ակնկալվող այցին, նշեմ, որ նման այցի հնարավորությունը քննարկվել է դեռևս մարտ ամսից, երբ պարզ դարձավ, որ պետք է նոր համազեկուցող ընտրվի՝ Իտալիայում խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած, Հայաստանի հարցով համազեկուցող Ջուզեպե Գալատիի փոխարեն, ում մանդատն ավարտվել է սեպտեմբերի 1-ին։ Պետք է նշել, որ առաջիկայում ԵԽԽՎ-ում սպասվում է Հայաստանի վերաբերյալ զեկույցի քննարկում, և այս այցը հնարավորություն կընձեռի նոր համազեկուցողին, այս զեկույցին ընդառաջ, ծանոթանալ Հայաստանում տիրող իրավիճակին:
-Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ՝ վերջերս Ստրասբուրգում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության խորացմանն ուղղված հանդիպում։ Ո՞ր ոլորտներում են համագործակցում Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն ու Եվրոպայի խորհուրդը։
-Այդ հանդիպման նախաձեռնությունը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությանն էր։ Կարևորում ենք, որ դրան դրական արձագանք ստացվեց։ Թե հանդիպման մասնակիցների, և թե արծարծված հարցերի շրջանակի առումով սա առաջին բովանդակային հանդիպումն էր՝ միտված երկու կազմակերպությունների միջև համագործակցության ներուժի բացահայտմանը։
ՖՄԿ երևանյան գագաթաժողովին ընդունվելիք «Ապրել միասին» պակտում ներկայացված մոտեցումները համահունչ են Եվրոպայի խորհրդի օրակարգին, և նոր հնարավորություններ են ստեղծելու համագործակցության համար։ Հանդիպմանը քննարկվեցին նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները Ֆրանկոֆոնիայի անդամ բոլոր պետությունների դեպքում կիրառելու, թրաֆիքինգի, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցելու, ԵԽ մի շարք այլ կոնվենցիաներին ՖՄԿ անդամների միանալու հնարավորությունը։
-Շնորհակալություն հարցազրույցի համար։
Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի