Կոմիտասի ծննդյան օրն է
Այսօր՝ Կոմիտասի ծննդյան օրը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) համերգով Արամ Խաչատրյան համերգասրահում կտրվի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մեկնարկը։ Համերգին հնչելու է Կոմիտաս, Չուխաջյան, Վերդի, Չայկովսկի, Ֆրենկել, Գերշվին, Գունո։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կոմիտասի ծննդյան 149-ամյակին նվիրված գիտաժողով-փառատոնի շրջանակում միջոցառումներ են նախատեսված ոչ միայն Հայաստանում, նաև Ֆրանսիայում.
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի ակադեմիայի և համալսարանային ասոցիացիայի հետ համատեղ սեպտեմբերի 28-ին Սորբոնի մեծ դահլիճում կազմակերպելու է «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողով, խմբերգային երաժշտության երեկո Voix de Stras երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Կատրին Բոլզանժե): Ծրագրում՝ Կոմիտաս, Երկանյան, Կապլե։
Գիտաժողով-փառատոնի շրջանակում հոկտեմբերի 7-ին Հառիճավանքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան) կկատարի Կոմիտասի «Պատարագ»-ը։
1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում ծնվել է Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը՝ Կոմիտասը: 1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։ 1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգևոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք և ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնում է ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից: Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն է ունենում «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսում է իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվում է նաև Կոմիտասը։
Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվում է Անատոլիայի խորքերը, ականատես դառնում հայ ժողովրդի բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադառնում է Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք են թողնում նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնանում է արտաքին աշխարհից, փակվում միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։ 1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն էլ ավելի է վատթարանում, և նրան տեղափոխում են հոգեբուժարան։ Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտնում է Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
Կոմիտասը մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին։ 1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվում է Հայաստան և հողին հանձնվոիմ Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
«Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար:Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»,- Կոմիտասի մասին ասել է Պարույր Սևակը:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյան. Մեծագույն սխրանք է այն, ինչ արել է Կոմիտասը
- Գերմանական արխիվներում Կոմիտասին վերաբերող փաստաթղթեր են փնտրվում
- «Կոմիտասագիտությունը գրեթե չի զբաղվել մեծ երգահանի լուսանկարների ուսումնասիրությամբ». Նոր հրատարակություն
- Հոգեբույժ Ռիտա Սուլահյան-Կույումջյանը փորձել է վեր հանել Կոմիտասի հոգեբանական բնութագիրը
- «… ինչպես և ինչու հարցերը մշտապես ուղեկցում են Կոմիտասին»
- Այդքան հայտնի ու անհայտ Կոմիտասը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին