Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը թևակոխել է նոր փուլ. Մանե Ադամյան
Երևանում այսօր տեղի ունեցավ «Նոր գործարար հնարավորություններ` Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) իրականացման շրջանակներում» խորագիրը կրող միջոցառումը: Այն կազմակերպել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության հետ համատեղ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը նշեց, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը թևակոխել է մի նոր փուլ և այս կոնտեքստում հատկապես կարևոր է տնտեսական համագործակցությունը:
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով առաջին նիստը, որտեղ քննարկվել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) առևտրի առնչվող հարցեր: Մասնավորապես` ապրանքների և ծառայությունների առևտուր, մաքսային ոլորտ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, մտավոր սեփականության իրավունքներ, մրցակցություն և պետական գնումներ:
«Համաձայնագրի շրջանակում մեծ հնարավորություններ է բացվում գործարար դաշտի համար»,- ասաց փոխնախարարը:
Միջոցառման ընթացքում Հայաստանի և ԵՄ գործարար շրջանակներին ներկայացվեց ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործարարներին ընձեռվող նոր գործարար հնարավորություններըն ու առավելությունները:
ՀԸԳՀ-ն համապարփակ համաձայնագիր է՝ ուղղված ԵՄ-Հայաստան համագործակցության մակարդակի բարձրացմանն ու շրջանակի ընդլայնմանը։ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակի, ինչպես նաև Համագործակցության ու Գործընկերության համաձայնագրի համեմատությամբ` վերջինս էլ ավելի է բարելավում երկկողմ առևտրի պայմանները։
Ներկայացվեցին նաև գործարար հանրության համար կարևոր մի շարք թեմաներ, այդ թվում՝ ծառայությունների ոլորտում երկկողմ առևտրի ազատականացումը՝ Ծառայությունների առևտրի մասին գլխավոր համաձայնագրով (ԾԱԳՀ) սահմանվածից ավելին, որը համաձայնագրի գլխավոր ձեռքբերումներից է։ Այն ավելի կհստակեցնի ԵՄ և Հայաստանի գործարարների, ներդրողների և ծառայություն մատուցողների գործունեությունը և կբարելավի առևտրային միջավայրը։ Այն նաև բարենպաստ պայմաններ կստեղծի միջսահմանային ներդրումների ավելացման համար:
Քննարկվեցին նաև հարցեր, թե ինչպես Հայաստանի տնտեսվարողները և սպառողները կարող են օգտվել աշխարհագրական նշումների պաշտպանության հավակնոտ համակարգից, և ինչպես կարող են հայկական ընկերությունները, արվեստագետները, գյուտարարները, որոնք ստեղծում և իրացնում են նորարարական, գեղարվեստական, յուրահատուկ և բարձրորակ արտադրանք, ապավինել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ամուր համակարգին՝ այնպես, ինչպես ԵՄ-ում։