ՊԳԿ-ն կուժեղացնի թունաքիմիկատների կանոնակարգումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ընդլայնման, ինչպես նաև կլիմայի փոփոխության արդյունքում մեծացել է վնասատուների և հիվանդությունների՝ մշակաբույսերի վրա ունեցած ազդեցությունը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից հայտնում են, որ վերջին հաշվարկներով, հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի պատճառած կորուստները տարեկան տատանվում են 20-40 տոկոսի սահմաններում, ինչը հավասար է 50 տարի առաջ գրանցված ցուցանիշներին:
Թեև թունաքիմիկատները կարևոր դեր են խաղում բերքի կորուստները նվազեցնելու հարցում, սակայն սխալ օգտագործման դեպքում կարող են բացասական մեծ ազդեցություն ունենալ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թունաքիմիկատների պատշաճ կառավարումը այսօր Քիշնևում մեկնարկած երկօրյա տարածաշրջանային դասընթացի հիմնական թեման է, որին մասնակցում է ավելի քան 20 ներկայացուցիչ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից։
«Թունաքիմիկատների գրանցումը թույլ է տալիս պատկան մարմիններին որոշել, թե որ արտադրանքներն են թույլատրվում օգտագործել և ինչ նպատակով։ Այն նաև թույլ է տալիս հսկողություն սահմանել թունաքիմիկատների որակի, օգտագործման մակարդակների, պահանջների, մակնշման, փաթեթավորման և գովազդի համար»,- նշել է ՊԳԿ գյուղատնտեսության մասնագետ Տանյա Սանտիվանեզը:
Աշխատաժողովի վերջին օրը, ՊԳԿ փորձագետների ուղղորդմամբ, մասնակից ութ երկրները կմշակեն թունաքիմիկատների կառավարման վերաբերյալ տարածաշրջանային համագործակցության աշխատանքային ծրագիր, նպատակ ունենալով աջակցել տարածաշրջանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը, միևնույն ժամանակ պաշտպանելով ֆերմերներին, սպառողներին և ողջ էկոհամակարգը՝թունաքիմիկատների բացասական հետևանքներից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան