«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» ցուցահանդեսը
Սեպտեմբերի 23-ին Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ և «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում պաշտոնապես բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված «Կասկադ» պուրակի պատմությանը։ Ռուսական արվեստի թանգարանի այցելուների համար այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը։
«Ռոստելեկոմ»-ից հայտնում են, որ ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Ռուսական արվեստի թանգարանը շրջապատող ճարտարապետական միջավայրի, Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկի` «Կասկադի» պուրակի պատմությունը պատկերող 1960-1990-ական թվականների բացառիկ լուսանկարներ, ինչպես նաև շենքերի էսքիզներ և նախագծեր, որոնք մինչ այս երբևէ չեն ամփոփվել միասնական ցուցադրությունում։
Միջոցառումը նվիրված է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին և հոկտեմբեր ամսին նախատեսվում է կազմակերպել ցուցանմուշների նաև մարզային շրջիկ ցուցադրություններ։
«Ռուսական արվեստի թանգարանը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանը, համագործակցում է տարբեր թանգարանների և մասնավոր կառույցների հետ՝ հանրությանը ներկայանալով յուրահատուկ նախագծերով։ Այս ցուցադրությունը նման համագործակցություններից մեկն է և շնորհիվ բոլոր գործընկերների մեզ հաջողվեց ներկայացնել մեր քաղաքի ամենասիրված հատվածներից մեկի պատմությունն ու զարգացումը»,- նշել է Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային արխիվը և «Մեդիամաքս» ընկերությունը։ «Ռոստելեկոմ»-ի ներդրումն ապահովեց նախագծի ցուցադրության իրականացումը։
«Սա յուրահատուկ նախաձեռնություն է և հնարավորություն է տալիս ցուցադրելու այնպիսի արխիվային նյութեր, որոնք մինչ այժմ հասանելի չեն եղել հանրությանը և որոնք ամբողջական ներկայացնում են մշակութային միջավայրի ձևավորումն ու զարգացումը մի քանի տասնամյակների ընթացքում։ «Ռոստելեկոմ»-ը կարևորում է նման նախագծերի իրականացումը, քանի որ դրանով իսկ հնարավորություն է ստեղծվում ևս մեկ անգամ խոսելու հայկական հարուստ մշակութային արժեքների մասին և ներկայացնելու ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա այցելուներին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը։
Ծրագրի շրջանակներում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00 կանցկացվի նաև «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» թեմայով, դասախոսություն, որը կվարի ճարտարապետության թեկնածու՝ Անուշ Տեր-Մինասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին