ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենն իր գոհունակությունն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում ՀՀ ձեռքբերումների առնչությամբ
Սեպտեմբերի 26-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանին և Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Այս մասին հայտնումեն ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում:
ԱԳ փոխնախարարը Աֆշան Խանին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, ՀՀ առաջնայնությունները, այդ թվում՝ մինչև 2030թ. կայուն զարգացման օրակարգի շրջանակում:
Զրույցի ընթացքում նախարարի տեղակալ Հովակիմյանն անդրադարձել է երեխաների համար նորարարական տեխնոլոգիաների հասանելիության հարցին և ներկայացրել այս առումով Հայաստանի դրական փորձը: Աշոտ Հովակիմյանը խոսել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների իրականացումն ապահովելու նպատակով համակարգող մեխանիզմի հիմնման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենն իր գոհունակությունն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի ձեռքբերումների առնչությամբ, ինչպես նաև ներկայացրեց հիմնադրամի նոր առաջնայնությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին