Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական զինտեխնիկան առաջնագծից հետ չքաշելու մասին
Անցած շաբաթ Ադրբեջանը Արցախի հետ սահմանին լայնամաշտաբ զորավարծություններ անցկացնելուց հետո տեխնիկայի շուրջ մեկ-երրորդը շարունակում է պահել առաջնագծում։ Սա այն դեպքում, երբ շուրջ 20 հազար զինծառայող, տանկեր, հրթիռահրետանային կայանքներ և մարտական ավիացիա ներգրավված զորավարժություններն արդեն 5 օր է ավարտվել են։
Թե ինչ վտանգներ է պարունակում այս իրողությունը և արդյոք անհրաժեշտ չէ՞ ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։
Նա հավաստիացրեց, որ հայկական կողմը ուշի ուշով հետևում է սահմանային իրավճակին, և եթե առժամանակ հետո Ադրբեջանը զինտեխնիկան հետ չքաշի, անհրաժեշտություն կծագի դիմել միջազգային կառույցներին, մանրամասն ներկայացնել իրադրությունը։
«Ադրբեջանը նման մոտեցում միշտ է դրսևորել։ Զինտեխնիկան հետ չքաշելու հանգամանքը նկատվում էր դեռ սույն տարվա ապրիլ ամսից մինչև ամառվա վերջը։ Այս անգամ ևս այդ երկիրը մինչ վերջ տեխնիկան հետ չի քաշել։ Ամեն դեպքում, հակառակարոդի նման քաղաքականությունը մեզ չի ահաբեկում։ Բնական է՝ մենք հաշվի ենք առնում ամեն քայլ, ուշադրությամբ հետևում ենք բոլոր գործընթացներին։ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն, ամուր կերպով իր ձեռքում պահել ռազմավարական նախաձեռնողականությունը»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Հակառակորդի գնդակից երեկ ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Աղասի Մկրտչյանի զոհվելու հանգամանքները ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը չմանրամասնեց:
«Երիտասարդ, մատաղ կյանք է մարել։ Սա մեծ ցավ է յուրաքանչյուր հայ մարդու համար։ Արցախի Հանրապետության նախագահը պետական պարգևով է պարգևատրել Աղասի Մկրտչյանին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աղասի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
- Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ
- Արցախում զինծառայող է մահացել