Բեռլին այցով Էրդողանը ցանկանում է մեղմել հարաբերությունները Գերմանիայի հետ
Այսօր սկսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական եռօրյա այցը Բեռլին, որն առաջինն է 2014թ.-ից ի վեր։ Թուրքիայի նախագահը հույս ունի վերականգնել թուրք-գերմանական հարաբերությունները՝ ջանքեր գործադրելով մեղմել իր երկրի աճող դիվանագիտական ու տնտեսական տառապանքները։
Գերմանացիները, սակայն, անդրդվելի են։ Մինչ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կողջունի էրդողանին պատվո շքախմբով ու պետական ճաշով, բարձրաստիճան քաղաքական գործիչները բոյկոտում են ընդունելությունը։
Կանցլեր Անգելա Մերկելը ևս չի մասնակցելու վաղը՝ սեպտեմբերի 28-ին, նախատեսված ճաշին, բայց կհանդիպի Էրդողանին մի քանի անգամ նրա եռօրյա այցի ընթացքում։
Բեռլինում նախատեսվում են բազմահազարանոց բողոքի ակցիաներ ընդդեմ Էրդողանի ու նրան Գերմանիայում ընդունելու որոշման դեմ։
Ինչպես գրում է Politico-ն, երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատացան մի շարք խնդիրներում անհամաձայնությունների պատճառով՝ սկսած ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման, Էրդողանի կողմից Թուրքիան ավտորիտար երկիր վերածելու պատճառով։
Նախորդ շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Գերմանիայում գտնվելու ժամանակ իր առաջնահերթությունը լինելու է անցյալը մի կողմ մղելն ու ապագայի վրա կենտրոնանալը։