Դավիթ Սանասարյանը խոստանում է 1,5մլրդ դրամ հետ բերել բյուջե
«Այժմ պետությանը պատճառված գումարները հետ բերելու պրոցեսի մեջ ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ վարչապետին կներկայացվեն Ագրարային համալսարանի և Էջմիածնի քաղաքապետարանում արված ստուգումների արդյունքները:
Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամ վերադարձվել է պետբյուջե. «Կա ժամանակացույց, որ կարճ ժամանակում մնացածն էլ կվերադարձվի»:
Հարցին, թե որքանով դա առնչություն ունի Սփյուռքի նախկին նախարարի հետ, վերահսկողական ծառայության պետն ասաց, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, պետք է իրավապահ մարմիններից ճշտել:
Լրագրողները ճշտեցին՝ եղե՞լ են դեպքեր, երբ մարդիկ պետությանը պատճառած վնասն ինքնակամ փոխհատուցել են, Դավիթ Սանասարյանը նշեց, որ իր ասուլիսից հետո գյուղապետերից մեկը պատրաստակամություն է հայտնել 17 մլն դրամ վերադարձնել:
Վերահսկողական ծառայության պետը նաև հայտարարեց, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 մլրդ դրամ հետ կբերվի պետբյուջե, մասնավորապես՝ «Հայրենիք-Սփյուռք», «Լուսանշան» ՊՈԱԿ-ներից, Բարձրավոլտ էլեկտրացանցերից:
«Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել»,- հերքեց Դավիթ Սանասարյանը լուրերը, թե՝ ինքը և ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջիկայում հրաժարական են տալու։
Նրա խոսքով՝ հրաժարականի որևէ հիմք չի տեսնում, իսկ եթե հիմք լինի, բնականաբար, ըստ նրա, հրաժարական կտան:
«Մենք փոքրուց չենք երազել այսպիսի պաշտոններ զբաղեցնել, մեր նպատակն այլ է եղել։ Մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները պետք է հեռանան, ինչ-որ մասով դրան հասել ենք, հիմա նոր կառավարություն եք տեսնում, մի մասն էլ առաջիկայում կտեսնեք»,- նշեց Դավիթ Սանասարյանը:
Հարցին՝ գո՞հ է իր աշխատանքից, Պետական վերահսկողական ծառայության պետը պատասխանեց. «Իմ աշխատանքից գոհ պետք է լինեն քաղաքացիներն ու ինձ այս աշխատանքին նշանակած վարչապետը»։