Տարբեր երկրներից պրոֆեսորները Երևանում կխոսեն Շեքսպիրի մասին
«Հայ շեքսպիրյան միությունը» սեպտեմբերի 28- ից հոկտեմբերի 1-ը Երևանում կազմակերպում է շեքսպիրյան միջազգային 2-րդ գիտաժողովը՝ «Շեքսպիրը Արևելքի և Արևմուտքի խաչմերուկներում» խորագրով: Գիտաժողովը նվիրված է Վահրամ Փափազյանի 130-ամյա հոբելյանին:
Գիտաժողովի շրջանակներում հանդիպումներից մեկը` սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա Գրականության և արվեստի թանգարանում: Թանգարանից Panorama.am-ը տեղեկացավ, որ տարբեր երկրներից Հայաստան ժամանած գիտնականները հանդես են գալու զեկույցներով, Հայաստանից ելույթ է ունենալու ակադեմիկոս, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը։
Գիտաժողովը բացվելու է այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի Աքյան պատկերասրահում՝ համերգային ծրագրով և «Հռոմից հին քաղաքը» ֆիլմի ցուցադրությամբ։ Հաջորդ օրերին զեկույցներով հանդես են գալու Լեհաստանից պրոֆեսոր Եժի Լիմոնը, Մեծ Բրիտանիայից պրոֆեսոր Լիզա Հոփքինսը, Ավստրիայից պրոֆեսոր Մանֆրեդ Դրաութը, ԱՄՆ-ից պրոֆեսոր Շիլա Քավանախը, Ճապոնիայից Ջոն Մոնը և Անգլիայից՝ Հասմիկ Սեյմորը։
Գիտաժողովի շրջանակում Երևանի պետական կամերային թատրոնում ցուցադրվելու է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը։
Նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը (1888 - 1968 թթ.) համարվում էր Սովետական Միության ամենալավ շեքսպիրյան դերասանը, հատկապես հայտնի է իր Օթելլոյի դերակատարությունը։
1928 թ.-ին Փափազյանի Օթելլոյի հոյակապ կերպարը երևացել է Մոսկվայի Մեծ թատրոնում՝ Փոքր թատրոնի դերասանների խաղընկերությամբ, ապա և 1932 թ.-ին Փարիզի Օդեոն թատրոնում՝ Ատելիյե թատրոնի դերասանների խաղընկերությամբ։ Այն սակավաթիվ իրողություններից են սրանք, երբ հայ դերասանական արվեստն ստացել է միջազգային արձագանք։ Սա Փափազյանի և նրա Օթելլոյի ամենալավ ժամանակն էր։ 1932-1954 թթ. բնակություն հաստատելով Սանկտ Պետերբուրգում, Փափազյանն իր նշանավոր կերպարներով, ամենից հաճախ՝ Օթելլոյով, շրջել է Սովետական Միությունում։