Խիստ զգուշացումներ են ստացել «ԱԱԲ պրոյեկտ» և «Սաֆեժ» ընկերությունները
ԱԶԲ-ի և Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչներն այսօր եղել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածներում։
Շինարարները նկատել են, որ վերականգնման աշխատանքներին խոչընդոտում է նաև շինարարության ընթացքում որոշ հատվածներում երթևեկության դադարեցման անհնարինությունը։ Այս համատեքստում ԱԶԲ ներկայացուցիչ Թոմաս Հերցն ընդգծել է, որ շինաշխատանքների ընթացքում խստորեն պետք է պահպանվեն ճանապարհային անվտանգության կանոնները։
ԱԶԲ տրանսպորտի մասնագետ Թոմաս Հերցը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը եղել են նաև կապալառու կազմակերպություններից մեկի՝ «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ի շինարարական բազայում։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ , «ԱԱԲ պրոյեկտը» իր կողմից վերականգնվելիք ճանապարհահատվածում դեռևս շինաշխատանքներ չի կատարել։
Իրականացրել է միայն առկա ծածկի կրողունակության լաբորատոր ստուգումներ, որոնց արդյունքներով պայմանավորված՝ հնարավոր է՝ ծածկի կոնստրուկցիան փոփոխվի։ Ներկայումս տեխհսկողությունը վերլուծում է նշված լաբորատոր փորձարկումների արդյունքները՝ համապատասխան որոշում կայացնելու համար։
Թե «ԱԱԲ պրոյեկտը», թե տեխհսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերությունը Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից խիստ զգուշացվել են փորձարկումների, արդյունքում նաև՝ բուն շինաշխատանքների դանդաղ տեմպերի համար։ Նրանց հանձնարարվել է կտրուկ միջոցներ ձեռնարկել շինաշխատանքների ակնառու առաջընթաց ապահովելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես կփակվի
- Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելը փակ է լինելու մոտ մեկ ամիս
- Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մասին
- Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար երթևեկելի է
- Սեպտեմբերի 14-ից կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը