Օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Թուրքիային
Բաթումում տեղի է ունեցել Համաշխարհային Օլիմպիադայի 3-րդ տուրը: Այս տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն էր Թուրքիայի ընտրանին: Հայաստանի թիմին հաղթանակ է բերել Հրանտ Մելքումյանը, ով առավելության է հասել Էմրե Ջանի նկատմամբ: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն իրենց պարտիաներն ավարտել էին հաշտությամբ:
Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ տուրում վստահ հաղթանակ է տոնել Հունաստանի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Կուրսովան հաղթանակներ են տոնել, իսկ Լիլիթ Մկրտչյանի պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք:
3-րդ տուրից հետո մեր երկու թիմերն էլ վաստակել են 6-ական թիմային միավոր և ընթանում են առաջատարների խմբում:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ մրցաշարի 4-րդ տուրում տղամարդկանց թիմի մրցակիցն է Հունաստանը, իսկ կանանցը՝ Իտալիան: