Հայ-իրանական գործակցության մեկնարկը շատ հաջող է տրված. Արմեն Իսրայելյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր:
Հանդիպման ավարտին Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան և համոզմունք հայտնել, որ այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները:
Թե որքան արդյունավետ կարող են զարգանալ և ինչ հեռանկարներ կարող են ունենալ հայ-իրանական՝ առանց այդ էլ բավական բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններն այս հանդիպումից հետո, Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ։
Վերջինս նկատեց, որ երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը խորհրդանշական կերպով տեղի ունեցավ միջազգային խոշոր միջոցառման՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում։
«Մինչ այդ, իհարկե, նրանք միմյանց փոխանցել էին երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման շուրջ իրենց մոտեցումները, սակայն այս նոր առիթը շատ կարևոր էր։ Հայաստանի և Իրանի ղեկավարները կարողացան իրենց դիրքորոշումներն ավելի մոտեցնել մի շարք հարցերի վերաբերյալ։ Ինչպես իրանական, այնպես էլ հայկական կողմից բավական հետաքրքիր շեշտադրումներ կատարվեցին, որոնց մի մասը նորություն էր և լավ կազդի հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման վրա»,- ասաց Արմեն Իսրայելյանը։
Իրանագետն ուշադրություն հրավիրեց հատկապես Հասան Ռոհանիի այն մտքի վրա, որ Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով Վրաստանին և Սևծովյան տարածաշրջանին միանալ։
«Սա շատ հատկանշական է, որովհետև շեշտվում է Հայաստանի կարևորությունը՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ վերջին շրջանում քաղաքական բարձր մակարդակի վրա են գտնվում նաև հայ-վրացական հարաբերութունները։ Սա շատ կաևոր համագործակցություն կարող է լինել՝ արդեն եռակողմ ձևաչափով»,- նշեց նա։
Իսրայելյանը կարևորեց նաև Իրանի առաջնորդի այն հայտարարությունը, որ այդ երկիրը պատրաստ է Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի հարցում ինժեներական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել։
Ըստ նրա՝ նաև շատ կարևոր էր, որ Ռոհանին իրանցի գործարարներին հորդորեց Հայաստանում ներդրումներ կատարել։ Պակաս հատկանշական չէր նաև Իրանի նախագահի այն հավաստիացումը, որ հայ գործարարների համար Իրանում ևս բերանպաստ միջավայր կապահովվի։
«Ընդհանուր առմամբ, հայ-իրանական այս մեկնարկը շատ հաջող է տրված»,- ամփոփեց Արմեն Իսրայելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան