Հնդկաստանում օրինականացրել են դավաճանությունը
Հնդկաստանի Գերագույն դատարանը վճռել է, որ ամուսնական դավաճանությունն այլևս չի համարվում քրեական հանցագործություն:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Բի-Բի-Սի-ին, գրում է, որ անցած տարվա օգոստոսին 41-ամյա հնդիկ գործարար Ջոզեֆ Շինեն, ով ապրում է Իտալիայում, դիմել էր դատարան՝ խնդրելով չեղյալ համարել ամուսնական դավաճանության համար քրեական պատասխանատվությունը: Շինեն պարզաբանել էր, որ այդ օրենքը խախտում է կանանց իրավունքները:
«Ամուսնացած կանայք ոչ մի կերպ չեն տարբերվում ամուսնացած տղամարդկանցից, դրա համար էլ չպետք է հետապնդվեն հատուկ կերպով»,- ասված է նրա հայտարարության մեջ: Հնդկաստանի գերագույն դատավորն ասել է, որ դավաճանությունը կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ, բայց ոչ քրեական հացագործություն:
Գաղութատիրության շրջանից եկող 158-ամյա օրենքն ասում էր, որ ցանկացած տղամարդ, որը սեքսով է զբաղվել ամուսնացած կնոջ հետ, առանց նրա ամուսնու թույլտվության, մեղավոր է համարվում: Օրենքը արգելում էր կնոջը բողոք ներկայացնել դավաճանած ամուսնու դեմ: Ամուսնական դավաճանության մեջ մեղադրվողին բանտարկում էին մինչև 5 տարով կամ տուգանք էր վճարում:
Ամուսնական դավաճանությունն արգելված է շարիաթով և իսլամով, դրա համար էլ այն քրեական հանցանք է համարվում Իրանում, Սաուդյան Արաբիայում,Աֆղանստանում, Պակիստանում, Բանգլադեշում և Սոմալիում: