Բեռլինի քաղաքապետը հրաժարվել է մասնակցել Էրդողանի պատվին տրվելիք պաշտոնական ճաշին
Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա տարբեր շերտերի կողմից ակնհայտ բացասական վերաբերմունքի է արժանանում: Գերմանիայում գնալով ընդլայնվում է Էրդողանի սպասվող այցը բոյկոտողների շրջանակը, գրում է ermenihaber-ը։
Ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցությունների ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու Էրդողանի համար տրվելիք պաշտոնական ճաշին։
Թուրքիայի նախագահի պատվին տրվելիք ճաշը բոյկոտելու մասին վերջինը հայտարարել է Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը:
Նախօրեին գերմանական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Էրդողանի պատվին տրվելիք ճաշին չի մասնակցելու նաև կանցլեր Անգելա Մերկելը:
Միակ ընդդիմադիր քաղաքական գործիչը, ով հայտարարել է պաշտոնական ճաշին իր մասնակցության մասին, «Կանաչների» կուսակցության նախկին առաջնորդներից Ջեմ Օզդեմիրն է: (Ծագումով Թուրքիայի չերքեզ Օզդեմիրը միշտ աչքի է ընկել հակաէրդողանական հայացքներով ու Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերին ցույց տված աջակցությամբ-EH):
Ավելացնենք, որ չեղարկվել են նաև Էրդողանի պաշտոնական այցի շրջանակներում տեղի թուրքերի հետ նախատեսված դահլիճային հանդիպումները:
Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները ծրագրված են եղել 3 քաղաքում: Գերմանական իշխանությունների՝ թույլտվություն չտրամադրելու պատճառով Էրդողանի ներկայացուցիչների՝ Բեռլինի «Tempodrom», Դորտմունդի «Wetfalen» դահլիճները վարձակալելու դիմումները մերժվել են: Չեղարկվել է նույնիսկ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Եվրոպայի ներկայացուցչության միջոցով Քյոլնում արված դահլիճի ամրագրումը:
Սպասվում է, որ Էրդողանի այցի ժամանակ բողոքի ակցիաներ կարող են անցկացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիր խմբերի, Գերմանիայի ձախակողմյան ուժերի կողմից:
Ելնելով վերոնշյալից՝ Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին: