ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության ծրագիրը
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ում աշխատող չինական «Սինոհիդրո» ընկերությունը ակտիվացրել է շինարարությունը։ Այս մասին հայտնել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության անդամների հետ հանդիպմանը։
ԶԲ ներկայացուցիչը նույնպես գոհունակությամբ ընդգծել է, որ ընկերության հետ կապված խնդիրները մեծամասամբ լուծվել են։ Նա նշել է, որ իրենց դիտարկման արդյունքում չինական ընկերության կողմից իրականացվող շինարարության տեմպերը շուրջ 5 անգամ ավելացել են։
Նախարարն ասել է, որ այս պահին Տրանշ 2-ում` իսպանական ընկերության կողմից իրականացվող բետոնապատման աշխատանքները նվազեցվել են, որպեսզի հնարավոր լինի որակի պատշաճ վերահսկում իրականացնել։
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է ԱԶԲ-ի աջակցությունը, որպեսզի համատեղ ջանքերով լիարժեք ուսումնասիրություն կատարվի բետոնապատված հատվածներում՝ առկա ճաքերի պատճառները լիարժեք վեր հանելու ուղղությամբ և պարզելու՝ արդյոք միայն ցեմենտի բարձր թթվայնությու՞նն է դրա հիմնական պատճառը, և այն նվազեցնելու ու պահանջվող մակարդակի հասնելու դեպքում այդպիսիք արդյոք կբացառվե՞ն, թե՞ կարող են լինել նաև ճաքերի այլ պատճառներ, որոնք անհրաժեշտ է այս պահին պարզել և միջոցներ ձեռնարկել նաև այդ ուղղությամբ:
Բանկի ներկայացուցիչը նշել է, որ իրենք միակարծիք են և պատրաստ են աջակցել։
Աշոտ Հակոբյանը Թոմաս Հերցի հետ քննարկել է նաև ծրագրի շարունակականության հարցը։ Վերջինս հայտնել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել ծրագիրը։ Խոսվել է Տրանշ 4-ում և 5-ում ԱԶԲ ներգրավվածության հեռանկարների մասին:
Հարակից հրապարակումներ`
- «Հյուսիս-հարավի» 2-րդ և 3-րդ տրանշներում օտարվել է մոտ 1900 հողամաս
- Վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ»-ի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրգործը
- «Հյուսիս-հարավ»-ի իրականացման գործընթացում չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել
- Ավարտվել է Հյուսիս-Հարավի Տրանշ 2 հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը. նախարար