Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը կծառայի ՀՀ և ԵՄ միջև հետագա համագործակցությանը. Զեյնալյան
«Վստահ եմ, որ այսօր մեկնարկող երկխոսությունը կնպաստի արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարական պլանավորմանը, ներառյալ ԵՄ օժանդակությամբ հիմնական խնդիրների վերհանմանը, որոնց հիման վրա կձևավորվի ՀՀ-ԵՄ առաջիկա օրակարգը, նվիրված Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքին»,- այս մասին այսօր Երևանում մեկնարկած «ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով ԵՄ-ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողովին բացման խոսքում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նա նշեց, որ աշխատաժողովի ընթացքում վեր են հանվելու արդարադատության ոլորտում այն առաջնային խնդիրները, որոնք շուտափույթ լուծում են պահանջում:
«Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հիմք կծառայի ՀՀ և ԵՄ միջև հետագա համագործակցության համար: Ակնկալվում է, որ Կառավարությունը կընդունի Ռազմավարության նախագիծը և Գործողությունների ծրագիրը մինչև 2018 թվականի վերջ»,- ասաց նախարարը՝ կարևորելով ԵՄ գործընկերության շարունակականության ապահովումը:
Աշխատաժողովին ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս մեկ անգամ շեշտեց, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու ՀՀ կառավարությանը՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում:
«Արդարադատության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-ՀՀ բազմակողմ քաղաքական երկխոսության մեկնարկը կաջակցի ՀՀ իշխանությանը արդարադատության ընդհանուր կառուցվածքի և գործունեության ոլորտի բարեփոխումների իրականացման գործում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ոլորտային կարիքները և ֆինանսական հնարավորությունները»,- ասաց Սվիտալսկին։
Նա նշեց, որ ԵՄ-ն տարիներ շարունակ ավելի քան 50 մլն եվրոյի ներդրումներ է կատարել՝ նպաստելու, որ Հայաստանի արդարադատության համակարգն ավելի արդյունավետ կերպով գործի:
«ԵՄ-ն նպաստել է ստեղծելու կամ վերանորոգելու բազմաթիվ դատարաններ: Մեծ ներդրումներ ենք ունեցել Արմավիրի քրեակատարողական հիմնարկում: Այսօր Հայաստանում հեղափոխությունից հետո մի նոր էջ է բացվում: Տեղի ունեցածը մենք համարում ենք մի նոր պատուհան, մի նոր հնարավորության դուռ հայկական կառույցների համար՝ ստեղծելու արդար, անկախ և արդյունավետ արդարադատության համակարգ։ Հայաստանի կառավարության համար դատական համակարգի անկախությունը գերակա ճյուղ է։ Վարչապետն անձամբ է ասել, որ երդվում է՝ երբեք ոչ մի դատավորի զանգ չկատարել»,- հայտնեց ԵՄ դեսպանը։
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն էլ հավելեց, որ արդարադատության ոլորտում բարեփոխումների շուրջ քաղաքական երկխոսությունը կդյուրացնի Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացը, ինչպես նաև կուղղորդի ԵՄ աջակցության վերաբերյալ ապագա որոշումները:
Նշենք, որ աշխատաժողովին ներկա էին նաև Բարձրագույն դատական խորհրդի, Արդարադատության ակադեմիայի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում