Նյու Յորքում անդրադարձել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցին
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում զրույց է կայացել Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային օրակարգի վերաբերյալ հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային համաժողովներում ռուս-հայկական համագործակցության հարցերին։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունից էլ հայտնել են, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ներկայացրել են ՄԱԿ-ի շրջանակներում իրենց առաջնահերթությունները, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի հարթակում ՀԱՊԿ անդամ-պետությունների նախաձեռնություններին ու դրանց փոխադարձ սատարմանը, մտքեր են փոխանակել ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների շուրջ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շրջանակներում ծավալվող գործընթացի շուրջ:
ՀԱՊԿ անդամ պետությունների նախարարների ուշադրությանն են ներկայացվել նոյեմբերին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ու կանոնադրական մարմինների նիստերին, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային օրակարգին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները ստորագրել են «Տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ակտիվացման», «Աֆղանստանում իրադրության, երկրի հյուսիսային նահանգներում ԻԼԻՊ-ի դիրքերի ամրապնդման և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցների տարածման վտանգի աճի», «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադրության կայունացմանն ուղղված ջանքերի» վերաբերյալ հայտարարությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին