Արմավիրի Արաքս գյուղում շուտով կսկսի բամբակի բերքահավաքը
«Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ընկերությունը Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնքում «Բամբակի մշակման և վերամշակման» ծրագիր է իրականացնում։ Տնօրեն Գագիկ Խաչիկյանը Արաքս այցելած տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է, որ նախքան ծրագրի մեկնարկը իրականացվել է բնակլիմայական պայմանների և հողատարածքների ուսումնասիրություն։
Դրական եզրակացությունների արդյունքում բաձրորակ սերմացուի և անհրաժեշտ տեխնիկայի ներկրումից հետո գարնանը մեկնարկել են բամբակի դաշտերի վար ու ցանքի աշխատանքները։
Հոկտեմբեր ամսին նախատեսվում է շուրջ 128 հա հողատարածքից բամբակի բերքահավաք, որին էլ կհաջորդի վերամշակման փուլը։
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ծրագրի հեղինակը նշել է, որ բամբակի վերամշակումն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում իր սեփականությունը հանդիսացող բամբակամանվածքային ֆաբրիկայում, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում կառուցվող համապատասխան գործարանում։
Փշատավան համայնք այցելած նախարարին պատմել են, որ 2008թ. հիմնադրված ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունում արդեն 500 ջայլամ կա։ Ֆերման սկսել է զբաղվել մսամթերքի արտադրությամբ: Ներկայում իրականացվում է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրություն, սակայն արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում։ Այդուհանդերձ քայլեր են ձեռնարկվում գործունեության ընդլայնման՝ մասնավորապես, մսամթերքի արտահանման, կաշվի և փետուրների վերամշակման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում տրիկոտաժեղենի, բամբակյա գործվածքների արտադրությունը վերելք է ապրում
- Սամվել Ալեքսանյանը Մասիսում բամբակե թելի ֆաբրիկա է հիմնում. «Հրապարակ»
- ԱՆ. Անպայման կրել գլխարկ, բամբակյա հագուստ, հովանոց, ակնոց