Դայակ պետության հաշվին ծրագրից առավել շատ օգտվում են երևանցիները
Դայակ պետության հաշվին անունով հայտնի ծրագրից այսօրվա դրությամբ օգտվում է 172 մարդ։ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» ծրագրի կիրարկումն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 7-ից, որից հետո սկսվել է ծրագրի իրականացումը:
Այս տարվա ընթացքում հանրապետությունում նախատեսված է իրականացնել թվով 200 ծրագիր, որից 79-ը՝ 3-րդ եռամսյակում: Նախարարությունից մանրամասնեցին, քանի որ ծրագրի իրականացումը սկսել է տարվա կեսից, ապա ավելացած գումարների հաշվին կանխատեսվում է շահառուների թիվը հասցնել 350-ի։
Նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ծրագրի իրականացման կարգի կիրարկումը ուժի մեջ է 28.09.2018թ. դրությամբ։
Փաստացի իրականացվել է 172 ծրագիր, այդ թվում՝ 91-ը Երևան քաղաքում՝ նախատեսված 30 ծրագրի փոխարեն, 4-ը Արագածոտնի մարզում՝ նախատեսված 1-ի փոխարեն, 6-ը՝ Արարատի մարզում նախատեսված 3-ի փոխարեն, 9-ը Արմավիրի մարզում նախատեսված 2-ի փոխարեն, 3-ը Գեղարքունիքի մարզում՝ նախատեսված 4 ծրագրի փոխարեն, 9-ը՝ Լոռիում՝ նախատեսված 5-ի փոխարեն, 9-ը՝ Կոտայքի մարզում նախատեսված 5-ի փոխարեն, 20-ը Շիրակի մարզում՝ նախատեսված 19-ի փոխարեն, 11-ը Սյունիքի մարզում նախատեսված 6-ի փոխարեն, 1-ը Վայոց Ձորի մարզում (նախատեսված էր 1 ծրագիր), 9-ը Տավուշի մարզում՝ նախատեսված 4-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ ծրագիրը մշակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանի պաշտոնավարման ժամանակ, սկսեց կիրառվել արդեն Մանե Թանդիլյանի նախարար նշանակվելուց հետո։
«Այս ծրագրի արդյունքում, մեծանում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով: Ծրագրի շնորհիվ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը»,-մանրամասնել էր նախարար Թանդիլյանը։
Ծրագրի իրականացմամբ ակնակալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխուների շարունակականությունը և մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- Կմեկնարկի դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը
- Դայակի ծառայությունների 50 տոկոսը պետության կողմից փոխհատուցելու օրինագիծն ընդունվեց
- Մեր մտադրությունը որն է, դայակներին հարկե՞լը, թե՞ մայրերին աջակցելը. Նիկոլ Փաշինյան
- Օրինագիծ. Մինչև 2 տարեկան երեխայի դայակին վարձատրելու հարցը