Հայ-ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է ավարտված համարել. Փաշինյան
«Հայ-ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է ավարտված համարել»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Դուշանբեում իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցին։
Նրա խոսքով՝ առանձազրույցի ընթացքում քննարկվել է հայ- ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Ըստ վարչապետի՝ ՌԴ նախագահի հետ ունեն լիարժեք փոխըմբռնում, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն են. «Ոչ ամենևին։ Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ ասացի՝ ես կարծում եմ՝ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, ձևավորված է հրաշալի աշխատանքային մթնոլորտ, ցանկացած հարց կարող ենք քննարկել փոխադարձ հարգանքի մթնոլորտում, միմյանց ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում, միմյանց ներքին գործերին չխառնվելու մթնոլորտում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ երբ ամեն անգամ ՌԴ նախագահի հետ հանդիպելիս՝ խոսում է մեր երկրի ինքնիշխանության մասին, պետք չէ դա դիտարկել որպես արտառոց մի բան։