Պատրաստ եղեք «մարսելու» այն միտքը, որ հաջորդ տարի ևս կարող է Սևանից լրացուցիչ ջրառ կատարվի. Ինեսա Գաբայան
«Արարատյան դաշտում արտեզյան պաշարներն այսօր հյուծվում են՝ ի հաշվիվ ձկնաբուծության ծավալների անասելի աճի։ Ձկնաբուծության արդյունքում Սևջուր գետն արդեն իսկ չորացել է, այնինչ ժամանակին այդ գետը ոռոգելի տարածքներին մեծ ծավալով ջուր էր պահովում»,- ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօր կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը։
Անդրադառնալով Եղեգիս գետի ճակատագրին՝ պաշտոնյան նշեց, որ գետի վրա ջրամբարի կառուցման պարագայում հնարավոր կլինի վերին հատվածում կարգավորել ջրի ծավալները։
Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին, Ինեսա Գաբայանը նշեց, Հայաստանում գործում է ընդամենը մեկ ՀԷԿ, որը վերցնում է ջուրը, էներգիա արտադրում և ջուրը կրկին վերադարձնում ոռոգման։
«Օրինակ, Կեչուտի ջրամբարից տարիների ընթացքում թույլատրվածից մի քանի անգամ ավելի ջրառ է իրականացվել։ Ջրառի ոլորտում կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ։ Այս տարիներին խախտվել է ջուր տալու և ջուր վերցնելու գաղափարախոսությունը։ Ջուրը սխալ, անարդյունավետ է կառավարվել։ Առաջնային խնդիրներից է նաև հիմնական ջրակետերում ժամանակակից ջրաչափ համակարգեր տեղադրելը։ Այլ խնդիր են թաքնված ոռոգմամբ հողերը»,- նշեց պաշտոնյան։
Ջրային կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև ջրի կորստի խնդրին՝ շեշտելով, որ դա ևս առաջնահերթ խնդիր է։
Ինեսա Գաբայանը ներկաներին կոչ արեց պատրաստ լինել «մարսելու» այն միտքը, որ հաջորդ տարի ևս կարող է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կատարվել։ «Ես ինքս կուզեմ, որ լրացուցիչ ջրառ չլինի, բայց պետք է իրատես լինել»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գրիգորյանն իր հերթին հավաստիացրեց, որ գործող կառավարությունն անելու է ամեն բան՝ ցրելու այն մտայնությունը, թե Սևանը լոկ գյուղատնտեսական նշանակության հողերը ոռոգելու ջրամբար է։ «Լուրջ է «Սևան» ազգային պարկի հարցը։ Այն պետք է բացառապես զբաղվի բնապահպանական հարցերով, գործի բացառապես այդ տիրույթում։ Կառավարությունն իր հերթին պետք է հասկանա՝ Սևանա լիճն ինչ հարցեր պետք է լուծի»,- ասաց նա։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն էլ նշեց, որ եթե խոսում ենք Սևանի խնդիրների մասին, մոռանում ենք, որ Արարատյան արտեզյան ավազանում ջրային ռեսուրսները տարիներ շարունակ մսխվել են։ «Ժամանակին մենք ոչ թե ջրի պակասի, այլ ավելցուկի խնդիր ունեինք, իսկ այսօր լուրջ խնդրի առջև ենք կանգնել։ Ցավոք, ստիպված ենք լինելու կրկին դիմել Սևանի օգնությանը։ Մենք շատ ենք կարևորում կաթիլային ոռոգումը և փորձելու ենք հասանելի դարձնել այդ համակարգը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճի ջրի ծավալները 58-ից իջել են 38 միլիարդ խորանարդ մետրի. Յուրի Ջավադյան
- Սևանա լճի մակարդակն անցած տարվա համեմատ 3 սանտիմետրով բարձրացել է. Բնապահպանության նախարար
- Սևանից ջրառն իրականացվում է խիստ հսկողության պայմաններում. Ջրկոմ
- ԱԻՆ-ը հրապարակել է Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը
- Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրկոմ
- Նախագահը ստորագրել է Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու մասին օրենքը
- Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց ամբուղջությամբ
- Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
- «Փրկենք Սևանը». ակցիա ԱԺ շենքի մոտ
- Պետք է դադարենք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան