ԱՊՀ-ի ներուժը իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քայլեր. Փաշինյան
«ԱՊՀ-ի ներուժը տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ ամենևին էլ սպառված չէ և այն իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քայլեր»,- այս մասին այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ նշել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը կարևորել է ԱՊՀ շրջանակում համագործակցության արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով կապերի խորացումը:
«Դա կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, հումանիտար կապերի զարգացմանը և մարդկային կապերի ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ ընդունված հայտարարության կարևորությունը:
«ԱՊՀ-ում զարգանում է տնտեսության և ինովացիաների, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցությունը: Այդ համատեքստում ցանկանում եմ տեղեկացնել, որ 2019 թվականին Երևանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը, որը կդառնա կարևոր հարթակ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների միջև գործնական և գիտական կապերի զարգացման համար: Ակնկալում ենք, որ ԱՊՀ մեր գործընկեր երկրների ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն կունենան այդ կարևոր միջոցառմանը»,- ասել է վարչապետը` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է հումանիտար կապերի գործնական զարգացմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան բանակցությունների մասին
- Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը մի քանի բառ են փոխանակել