Կսատարի՞ ՔՊ-ն Սասուն Միքայելյանի՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում ինքնաառաջադրված որդուն
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի՝ հուլիսի 2-ին ներկայացրած հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ Մինչ հոկտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ ընտրությունները քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված Լիլիթ Ստեփանյանը։
Պարզելու՝ արդյոք կա՞ն առաջադրված թեկնածուներ, ովքեր մտադիր են պայքարել Հրազդանի քաղաքապետի աթոռի համար, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Հրազդան և Սոլակ համայնքներն ընդգրկող թիվ 26 ընտրտարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանի հետ։
Վերջինս տեղեկացրեց, որ առայժմ կա ինքնաառաջադրված մեկ թեկնածու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը։ Այլ թեկնածուներ այս պահի դրությամբ չկան։
«Առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը նա ներկայացրել է երեկ։ Առաջադրումների ժամկետը մեկնարկել է սեպտեմբերի 26-ից և կտևի մինչև սեպտեմբերի 30-ը՝ ներառյալ։
Քարոզարշավը նախատեսված է հոկտեմբերի 9-19-ը»,- տեղեկացրեց Արմեն Բադալյանը։
Զրուցեցինք նաև ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ՝ ճշտելու արդյոք կուսակցությունը սատարելո՞ւ է ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդուն։
«Դեռ պետք է վարչության նիստ լինի, որը նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստան վերադարձից հետո։ Մինչ այժմ հարցին որևէ անդրադարձ չի եղել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել
- Սպասելի հրաժարական էր. Կոտայքի մարզպետը՝ Հրազդանի քաղաքապետի հրաժարականի մասին
- Հրազդանի քաղաքապետը պաշտոնապես հրաժարական տվեց
- Մարզպետի միջնորդությունը ստանալուց հետո ստուգումներ կիրականացվեն Հրազդանի քաղաքապետարանում. Սուրեն Պապիկյան