«Նորմալ Երևան», «նորմալ կանգառ»
Երևանում կանագառների, մեղմ ասած, ոչ պատշաճ վիճակին Panorama.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է։ Ցավոք, խնդրի բարձրաձայնումից հետո այն չի վերացվել։ +41 աստիճան շոգին մարդիկ ստիպված էին տրանսպորտին սպասել ուղիղ արևի ճառահայթների տակ։
Կանգառասրահ ունեցող կանգառներում էլ վիճակը մխիթարող չէ, ընդհանրապես կանգառասրահից, կանգառի տարածքից դուրս տրանսպորտին ավելի շատ մարդ է սպասում, քան այդ տարածքում։ Կանգառասրահը նեղ է, նստարանին նստածներին մեջքով կանգնելն ամոթ է ու անհարմար, կանգառում գտնվողների համար էլ մոտեցող ավտոբուսն ու միկրոավտոբուսը տեսանելի չեն։
«Նորմալ Երևան» նախագծի առաջին թողարկումը վերաբերում է Երևանի կանգառներին։ Խնդրի ու առաջարկվող լուծման մասին տեսանյութը մեկ օրում դիտել է ավելի քան 5.5 հազար օգտատեր, կիսվել մոտ 7 տասնյակ մարդ՝ «կարևոր», «ընտիր նախաձեռնություն», «Նորմալ Երևան եմ ուզում, նորմալ կանգառ, նորմալ տրանսպորտ», «շատ լավ նախաձեռնություն Երևանը կյանքի համար հարմար դարձնելու համար» ու նմանատիպ այլ մեկնաբանություններով։ Շատերն էլ նորընտիր քաղաքապետին ու քաղաքային իշխանությանը կոչ են անում անարձագանք չթողնել այն։
Նախագծի համահեղինակներն են Սերգեյ Տոնոյանն ու Հայկ Զալիբեկյանը։ Երևանի խնդիրները նրանք արդեն մի քանի տարի ուսումնասիրում են, անընդհատ լուծումներ գտնելու փնտրտուքների մեջ են։ Երևանում տեսածը համեմատում են այլ քաղաքների խնդիրների հետ, ուսումնասիրում հաջողված լուծումներից, փորձում տեղայնացնել։
Panorama.am-ի հետ զրույցում նախագծի հեղինակներից Սերգեյ Տոնոյանը պատմեց նախաձեռնության մասին՝ առաջին հերթին շեշտելով, որ այն բիզնես պրոեկտ չէ։ Մասնագիտությամբ քաղաքագետ Տոնոյանը սկսել է Երևանում մարդկանց տեղաշարժին խանգարող խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին խոսել դեռ 2013-ից, երբ սկսեցին տրանսպորտի թանկացման դեմ ակցիաները։
«Հրապարակված տեսանյութում կանգառների հետ կապված ոչ խնդիրները, ոչ էլ լուծումները մինչև վերջ ներկայացված չեն։ Մենք միայն անդրադարձել ենք կանգառասրահներին ու ցուցանակներին, բայց խնդիր կա սահմանափակ կարողություններով մարդկանց՝ տրանսպորտից օգտվելու հետ կապված։ Մենք չենք անդրադարձել նաև կանգառներում կայանող տաքսիների խնդրին, ինչի հետևանքով ավտոբուսները երբեմն ստիպված են լինում ողևորին իջացնել 2-րդ կամ 3-րդ գծում։ Այն ինչ կա Երևանում, ֆորմալ առումով կանգառների հետ կապ չունեն»,-ասում է հեղինակը։
Խնդիրն ուսումնասիրած տղաները եկել են համոզման, որ այն առաջանում է կանգառի նշանի, թերթի կրպակների, գովազդային վահանակների, կանգառասրահների ոչ ճիշտ տեղադրման, ոչ ճիշտ չափերի պատճառով։ Դրանք խանգարում են կանագառասրահում սպասողներին տեսնել, թե որ համարի երթուղայինն է կամ ավտոբուսն է մոտենում, բացի այդ կանգառի նշանի սխալ տեղադրված լինելու հետևանքով վարորդները սխալ տեղում են կայանում, դա էլ հանգեցնում է նրան, որ տրնսպորտայիան միջոցների հերթը երբեմն հասնում է մինչև մոտակա խաչմերուկ։
Նախագծի հեղինակներն առաջարկում են կանգառը հրապուրիչ դարձնել, նախ սլաքներով տեղեկացնել, թե տվյալ կանգառից որ համարի ավտոբուսով, երթուղայինով որ ուղղությամբ կարելի է գնալ, պետք է կանգառասրահի ձախ պատը չլինի կամ էլ թափանցիկ լինի, որպեսզի մոտեցող տրանսպորտային միջոցը տեսնեն, պետք է կանգառասրահում լինեն առանձնացված նստարաններ, ինչի արդյունքում նստարաններում պառկելու հնարավորություն գրեթե չի լինի, բացի այդ պետք է լինեն հենարաններ, կանգնած սպասողների համար։ Ըստ հեղինակների, պետք է կանգառում լինի քարտեզ, գովազդ, չվացուցակ, հեռախոսը լիցքավորելու հնարավորություն, ինտերնետ կապ։ Եթե տվյալ հատվածում երթևեկությունը խիտ է, առաջարկվում է ստեղծել մեկ կամ մի քանի նման կանգառասրահներ։
Ս. Տոնոյանի խոսքով, իրենք չեն հաշվել, թե ինչքան գումար կծախսվի իրենց նկարագրած մեկ կանգառասրահ ունենալու համար։
«Երևանի կանգառասրահները բավականին մաշված են, դրանց փոխելու ժամանակն ուշ թե շուտ գալու է։ Ես չեմ կարծում, որ մեր առաջարկած տարբերակն էականորեն կտարբերվի քաղաքապետարանի նախատեսելիք ծախսից։ Նորից եմ կրկնում, այստեղ գումարի հարցը չէ, այլ խնդիրներին համալիր մոտեցում ցուցաբերելը։ Իհարկե միանգամից փոխել հնարավոր չէ, բայց պետք է կամաց-կամաց սկսել խնդիրներին լուծում տալ»,-ասաց նա։
Քաղաքապետարանից, տրանսպորտի նախարարությունից կամ էլ պետական այլ մարմիններից արձագանք չի եղել։ Սակայն դա չի խանգարում, որ նախագծի հեղինակները բարձրաձայնեն քաղաքում առկա այլ խնդիրների մասին ու իրենց պատկերացրած լուծումներն առաջարկեն։
Նախագծի հեղինակները մտադիր են անդրադառնալ Երևանում առկա բազում խնդիրների, որոնք վերաբերում են ենթակառուցվածքներին, քաղաքի ձևավորմանը, մշակութային ասպեկտներին՝ առաջարկելով տեխնիկական լուծումներ։ Երկրորդ թողարկումը լինելու է Սարյան փողոցի անցումների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Խորհուրդ նորընտիր քաղաքապետին՝ քանի չի արել իր խոստացած առաջին քայլը
- +41 աստիճան շոգն ու առանց ծածկ մնացած կանգառը
- Մի շարք կանգառներում մարդիկ տրանսպորտով տեղափոխվելու համար տեղեկություն չեն կարողանում ստանալ.«Առավոտ»
- Երևանում ուսումնասիրում են կանգառների առկա վիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան