Մնացականյան. Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության սկզբունքներ
Նյու Յորքում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ:
Նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին:
Ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր ներգրավվածության սկզբունքները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների, մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:
ԱԳՆ մամուլի և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, Նյու Յորքում նախարար Մնացականյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև բարձր և բարձրագույն մակարդակներում վերջին շրջանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ընդլայնման համար:
Զոհրաբ Մնացականյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը հանագամանալից անդրադարձ կատարեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, դրա շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին և կազմակերպվելիք միջոցառումներին: