Ֆրանսիայի դեսպան. Մակրոնի այցը շատ ինտենսիվ օրակարգ է բերում Հայաստանի ու Ֆրանսիայի համար
«2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրների պատվիրակությունների, որոնց մեծ մասը Հայաստանում դեսպանություններ չունեն ու բացահայտելու են Հայաստանն առաջին անգամ»,-այս մասին այսօր ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվող «Ֆրանկոֆոնիայի ավան» տաղավարի ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսին։
Հոկտեմբերի 7-ից մեկ շաբաթ շարունակ Երևանը լինելու է Ֆրանկոֆոնիայի կենտրոնում։ Դեսպանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շատ կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանսիայի համար ոչ միայն այն պատճառով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի համար այն առաջնային է, այլ նաև, որ Մակրոնը Հայաստանում կլինի նաև պետական այցով։ Դեսպանը նշեց, որ հոկտեմբերի 11-12-ին Մակրոնը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որից առաջ էլ Հայաստանում կլինի երկկողմ այցով, սակայն Մակրոնի՝ Հայաստան ժամանելու օրը դեռևս հստակ չէ։
«Գագաթնաժողովը մի կողմից, բայց Մակրոնի այցը շատ ինտենսիվ օրակարգ է բերում Հայաստանի ու Ֆրանսիայի համար։ Սակայն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ոչ միայն երկրների ղեկավարների միջև հանդիպում է, այլ նաև տոն է։ Ֆրանսիան ցանկանում է ներկայացնել ֆրանսերենը՝ իր բոլոր տարրերով»,-ասաց դեսպանը։
Քաղաքական օրակարգից բացի հոկտեմբերի 7-ից 12-ը մայրաքաղաքի կենտրոնում գործելու է «Ֆրանկոֆոնիայի ավանը», որում 20 երկրների տաղավարների շարքում իր տեղն է ունենալու Ֆրանսիայի տաղավարը։ Տաղավարներ են ունենալու նաև Բելգիան, Շվեյցարիան, Աֆրիկյան երկրները, որոնք բաց են ինչպես հայաստանցիների, այնպես էլ այդ ժամանակահատվածում Հայաստանում գտնվող հազարավոր հյուրերի համար։
«Տաղավարի միջոցով ուղարկվող մեսիջն այն է, որ Ֆրանսերենը հնարավորությունների լեզու է։ Ֆրանսերենը ոչ միայն Ֆրանսիայի, այլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բոլոր 84 երկրների լեզուն է, որով խոսում է մոտ 280 մլն մարդ՝ 5 մայրցամաքներում։ Ֆրանսերենը մեկն է այն 2 լեզուներից, որով խոսում են բոլոր մայրցամաքներում»,-ասաց Ժոնաթան Լաքոտը։
Ֆրանկոֆոնիայի ավանում Ֆրանսիայի տաղավարն ուղղված է լինելու հանրության տարբեր սեգմետներին. Լինելու են տնտեսական, մշակութային, մեդիա, տեխնոլոգիական և կրթական բազմաթիվ միջոցառումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան