Արամ Ոսկանյան. «Ալաշկերտի» նպատակը մեկն է` չեմպիոնություն»
Օրերս «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնեց Արամ Ոսկանյանը, ով 2016/2017 թթ. աշխատել է երևանյան ակումբում: Վերջին շրջանում 43-ամյա մասնագետը գլխավորում էր Երևանի «Բանանցը», որը նրա ղեկավարությամբ նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Մինչ այդ Արամ Ոսկանյանը գլխավորել է Երևանի «Միկան», Հայաստանի Մ19 հավաքականը:
«Ալաշկերտի» մամուլի ծառայության հետ զրույցում Ոսկանյանը պատմել է ստացած առաջարկի, թիմի կազմի, գլխավոր նպատակի, ինչպես նաև` մարզչական շտաբը համալրած Անդրանիկ Բաբայանի մասին:
«Նախորդ տարվա մարտին «Ալաշկերտից» տեղափոխվեցի «Բանանց», սակայն շատ լավ հարաբերություններ էի պահպանում «Ալաշկերտի» ղեկավարության և ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ: Ստանալով պարոն Նավոյանի առաջարկը` մեծ հաճույքով համաձայնեցի, քանի որ շատ կապված եմ այս ակումբի, կոլեկտիվի, ֆուտբոլիստների հետ: Ֆուտբոլիստների մեծամասնության հետ աշխատել եմ, ծանոթ եմ իրենց խաղային որակներին:
Այսօր «Ալաշկերտում» բարձրակարգ ֆուտբոլիստներ են հավաքված, թիմում առողջ մրցակցություն է բոլոր դիրքերում: Մենք մեծ հույսեր ենք կապում բոլորի հետ, քանի որ չեմպիոն չեն դառնում մեկ կամ երկու հոգի, չեմպիոն է դառնում ամբողջ թիմը` երկար մրցաշրջանի արդյունքում: Բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան «Ալաշկերտի» հաջողություններում. կլինեն տարբեր տակտիկական լուծումներ, կկիրառվի կազմի ռոտացիա:
Հայաստանի նախորդ երեք տարիների չեմպիոնն իր առջև միայն մեկ նպատակ կարող է դնել` չեմպիոնություն: Դա և ակումբի ղեկավարության, և իմ տեսակետն է: Այնպես որ, մեզ մեծ աշխատանք է սպասվում: Մեր մարզչական շտաբում Մանուկ Սարգսյանից և Արմեն Կիրակոսյանից զատ, որոնց հետ ես աշխատել եմ, ընդգրկվել է նաև Անդրանիկ Բաբայանը: Բաբայանը Ռուսաստանում աշխատելու զգալի փորձ է կուտակել` որպես գլխավոր մարզիչ և գլխավոր մարզիչի օգնական, ինչը շատ կարևոր է:
Վստահ եմ, որ իր գիտելիքներով, փորձով և մարդկային որակներով նա մեզ շատ օգուտ կտա: Ի դեպ, վերջերս պարզվեց, որ մենք իրար դեմ ժամանակին խաղացել ենք Ռուսաստանի առաջին դիվիզիոնում, երբ ես պաշտպանում էի «Բալթիկայի», իսկ նա` «Վոլգարի» գույները»,- նշել է մարզիչը: Արամ Ոսկանյանի նշանակումից հետո իր առաջին մարզումն «Ալաշկերտը» կանցկացնի սեպտեմբերի 30-ին: Այդ օրը թիմը կընդունի «Արարատին»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան