Մշնախի հայտարարությունը՝ Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանության վերաբերյալ։
«Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա ՀԿ-ին պատկանող տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենքն ընդգրկված է ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված պետական ցուցակում` որպես տեղական նշանակության հուշարձան (1.6.206.3 ցուցիչով, բնակելի տուն՝ Զարմայր Անդրեասյանի):
Հուշարձան-շենքի կողային ճակատին կից տարածքում, առանց ՀՀ մշակույթի նախարարության համաձայնության, կատարվել են հողային և շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վտանգվել է հիշյալ հուշարձան-շենքի կայունությունը:
Տեղեկացնում ենք նաև, որ շինարարական աշխատանքները կատարվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 22-րդ հոդվածների խախտմամբ, որի համար ՀՀ մշակույթի նախարարությունը 2018 թ. սեպտեմբերի 12-ին գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով դադարեցնել շինարարական աշխատանքները և հուշարձան-շենքի փլուզումից խուսափելու համար հրատապ միջոցառումներ ձեռնարկել:
Հուշարձանի անխաթարությունը պահպանելու և փլուզման կանխման լուծումների վերաբերյալ բանավոր քննարկումներ են ընթացել կառուցապատողի ներկայացուցչի և «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ս/թ հոկտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացնել հուշարձանի անխաթարությունը պահպանելու նախագիծ (այժմ կատարվում է հուշարձան-շենքի չափագրություն, որի հիման վրա կազմվելու է նախագծային առաջարկ):
ՀՀ մշակույթի նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում հարցը քննարկել և ըստ խնդրի հրատապության՝ նախագծային լավագույն առաջարկին (հուշարձանը վտանգող խնդրի լուծմանը) տալ պահանջվող թույլտվություն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ եթե հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ, իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի` պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները ոչնչացնելը կամ վնասելը նախատեսում է պատժամիջոցներ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտ է հրատապ փրկել Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը
- Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը փլուզման եզրին է
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- «Հին Երևան»-ը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. Նախագծի հեղինակ
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Ժորժ Շեխլյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Անահիտ Թարխանյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան