Հայաստանը մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը Հայաստանում և Արցախում, Զոհրաբ Մնացականյան
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը, շարունակական գործունեությունը Հայաստանում և Արցախում՝ գոհունակություն հայտնելով կառույցի կողմից սահմանամերձ գոտիների բնակիչներին աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և արժևորում է դրանց գործնական կիրառման հարցում ԿՄԽԿ-ի հետ ձևավորված համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը: