Դիլիջանի թունելում այրված մեքենան բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով
Այսօր կեսօրին մոտ Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։ Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնեցին, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։ Հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
Ըստ աղբյուրի, միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են բոլոր մեքենաները, մուտքերը՝ փակվել։ Ուժեղ ծխի պատճառով ԱԻՆ աշխատակիցները հնարավորություն են ունեցել մոտենալ թունելին միայն Դիլիջանի կողմից և հանգցնել կրակը։
Հրդեհը հասցրել է տարածվել նաև թունելի օդափոխության համակարգում: Հրդեհի արդյունքում մեծ վնաս է հասցվել թունելին:
«Նշենք, որ մեքենան բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով։ Թունելը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է, առաջիկայում այն փակ կլինի նաև վերանորոգման նպատակով։ Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով»,-հայտնում են նախարարությունից։