Մարկ Ցուկերբերգն ու Իլոն Մասկը մեկ օրում կորցրել են 3,5 մլրդ դոլար
Սիլիկոնային հովտի երկու միլիարդատերերի՝ Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 3,5 մլրդ դոլարով։ Այս մասին գրում է Իզվեստիա.ռու-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
Ըստ աղբյուրի՝ Մասկը կորցրել է 1,5 մլրդ դոլար այն հայտարարությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը նրան դատի է տվել։ Tesla-ի ղեկավարին մեղադրում են ընկերության բաժնետոմսերը գնելու համար բավարար գումար ունենալու մասին հայտարարությամբ մյուս բաժնետերերին մոլորեցնելու համար:
Մարկ Ցուկերբերգն էլ կորցրել է 2 մլրդ դոլար այն բանից հետո, երբ Facebook ընկերությունը խոստովանել էր՝ սոցիալական ցանցում հայտնաբերվել են անվտանգության հետ կապված խնդիրներ, որոնք ազդել են մի քանի տասնյակ միլիոն հաշիվների վրա: Սակայն ընկերությունը չի նշել, թե արդյոք եղել է օգտատերերի տվյալների արտահոսք, թե ոչ: