Շվեդական ակադեմիան կարող է զրկվել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ տալու իրավունքից
Նոբելյան հիմնադրամի ղեկավար Լարս Հեյքենսթենը Ռոյթերզին ասել է, որ Շվեդական ակադեմիան կարող է զրկվել գրականության ոլորտում մրցանակ շնորհելու իրավունքից, եթե չանի էական վերակազմավորում:
«Եթե ամեն ինչ շարունակվի նման կերպ, և եթե նրանց չհաջողվի վերականգնել լեգիտիմությունը, մենք ստիպված կլինենք վճռական քայլեր կատարել: Դրանցից մեկը կարող է լինել թույլտվության հարցումը, որ որևէ այլ կազմակերպությունը շնորհի մրցանակը»,-Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել Հեյքենսթենը:
Ակադեմիան համաձայնել է որոշ փոփոխություններ կատարել և Նոբելյան կոմիտեի կազմում ներառել մարդկանց, որոնք կոմպետենտ են և սկանդալների մեջ ներքաշված չեն: Շվեդական ակադեմիայում ճգնաժամ էր սկսվել, երբ անցած տարվա աշնանը 18 կին Ստոկհոլմի գրական ակումբներից մեկի տնօրեն Ժան-Կլոդ Առնոյին մեղադրել էին սեռական բնույթի բազմամյա ոտնձգությունների մեջ: Քանի որ նրա գործունեությունն առնչվում էր Շվեդական ակադեմիայի հետ, ներքին հետաքննություն էր սկսվել:
Առնոն հերքում է բնոլոր մեղադրանքները: Բացի այդ նա ամուսնացած է ակադեմիայի անդամ Կատարինա Ֆրոսթենսոնի հետ: Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ ակադեմիան, ճգնաժամի ֆոնին, որոշել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհում տեղափոխել հաջորդ տարի և 2018-ի մրցանակը հանձնել 2019-ի դափնեկիրներին զուգահեռ: Սակայն, ինչպես հաղորդել է Հեյքենսթոնը, եթե ակադեմիան չկարողանա լուծել իր խնդիրները մոտակա շրջանում, ապա 2019 թվականին էլ չի ստանա գրական մրցանակ հանձնելու թույլտվություն: