Մեկնարկել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարը
ՀՀ կառավարական տան թիվ 1 շենքի նիստերի մեծ դահլիճում մեկնարկեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարը: Ծափողջյուններով ներս հրավիրեցին ՊՊԾ գրավման մասնակից «Սասնա ծռերին», որոնցից բացակայում էին Պավել Մանուկյանը, Արմեն Փիլոյանը և Սմբատ Բարսեղյանը:
Համագումարին հրավիրվածների թվում էին գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը, քաղաքագետներ Լևոն Շիրինյանը, Հմայակ Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը և այլք:
Համագումարի բացմանը ելույթ ունեցավ Ժիրայր Սեֆիլյանը:
«Եկել է մի պահ՝ վերջապես մեր երազած ազգային կազմակերպությունը ծնելու: Իմ համոզմամբ այն, ինչ այսօր հիմնադրում ենք, առնվազն լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուններից մեկը, սակայն մինչ այս հանգրվանը հասնելը, բոլորս գիտենք, որ մեր ժողովուրդը հասել է դաժան պայքարի երկար ճանապարհ և ունեցել բազմաթիվ զոհեր, ռեժիմի զոհեր, որոնց զգալի մասի գործերը մինչ այսօր բացահայտված չէ»,-ասաց նա:
Այնուհետև հայտարարվեց, որ կուսակցության նախագահության կազմը ընտրելու առաջարկություններ ներկայացվեն: Առաջարկվեց Ժիրայր Սեֆիլյանի թեկնածությունը:
«Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀՀ քաղաքացիության հարցը դեռևս ձգձգվում է, և, ցավոք, դեռևս նա չի կարող պաշտոնապես ներգրավվել և լինել համագումարի նախաձեռնող: Ցավալի է, որ դեռևս իրավիճակում ենք գտնվում, ուստի պետք է այլ առաջարկություն ներկայացնել»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։
Հարցը դրվեց քվեարկության և նախագահության կազմից համագումար վարելու իրավունքը տրվեց Վարուժան Ավետիսյանին։
«Մտածողական և կամային հաղթահարում պետք է լինի, որի մեկնարկը պետք է լինի ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի հաղթահարումը: Մենք որդեգրում ենք ազգային առաքելությանը միտված, հայրենիքի վերատիրացմանը հետամուտ և Առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ»,-իր ելությում նշեց Վարուժան Ավետիսյանը։
Կուսակցության նախագահության մյուս անդամ Գարեգին Չուգասզյանն էլ իր ելությում անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ նշելով. «Այդ հարաբերությունների նորացումն առաջին հերթին պահանջում է վերանայել Հայաստանում Ռուսաստանի ուժային ներկայությունը։ Հայաստանի համար անընդունելի է իր սահմանների պահպանության իրականացումն օտարերկրյա պետության սահմանապահ ուժերի կողմից, ուստի նա առաջնահերթ է համարում դրանց ստորաբաժանումների անհապաղ դուրսբերումը և սահմանի պահպանումը հայկական կողմին հանձնումը»։