Աբխազիայի ժողովուրդը հաջողությամբ լուծում է պետականաշինության խնդիրները. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.
«Մեծարգո Ռաուլ Ջումկովի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:
2018 թվականը հոբելյանական է Աբխազիայի համար: 25 տարի առաջ Աբխազիայի ժողովուրդը հռչակեց իր անկախ և ինքնիշխան պետության ստեղծումը: 10 տարի առաջ Աբխազիայի անկախությունը ճանաչեց Ռուսաստանի Դաշնությունը՝ նշանավորելով Աբխազիայի պետականության միջազգային ճանաչման սկիզբը:
Քառորդ դարի ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է դժվարին, բայց և հերոսական ուղի: Աբխազիայի ժողովուրդը հաջողությամբ լուծում է պետականաշինության խնդիրները, անշեղորեն ամրապնդում և զարգացնում իր երկիրը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Ռաուլ Ջումկովի, և մաղթում Ձեզ ու Աբխազիայի ողջ ժողովրդին խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»: